Արմեն Արաբյան․ «Վեհափառն ակնածանք ունի մեր երգչախմբի հանդեպ, բայց թեմի առաջնորդի վերաբերմունքը զարմացրեց»

Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ-ում է եղել:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը՝ նախաձեռնողը ջութակահարուհի Շողիկ Բալյան-Միրիմանյանն էր, որի հետ սովորել եւ աշխատել են, իսկ հրավիրող կողմը եւ ամբողջ գործառույթներն իրականացնողը Լոս Անջելեսի թատերական-երաժշտական միությունն էր` ի դեմս նախագահ Լուիս Գիլ Մարտիրոսյանի: «Երկու մեծ համերգ ունեցանք, մեկը Լոս Անջելեսում, մյուսը Ֆրեզնոյում:

Երկուսն էլ ջերմությամբ ընդունվեցին, ընդհուպ սենատորի եւ մի շարք կազմակերպությունների կողմից շնորհակալագրերի արժանացանք: Ծրագիրը հիմնականում հայկական էր՝ Կոմիտաս, հայկական ժողովրդական երգերի մշակումներ, որոնց հեղինակը Ռոբերտ Մլքեյանն էր: Ավելի մեծ ոգեւորությամբ ընդունվեցին մեր համերգները, ավելի շատ, քան սպասում էի: Այնքան մեծ էր արձագանքը, որ ինչպես փոխանցեցին հյուպատոսարանից, Լոս Անջելեսի քաղաքապետը նախաձեռնել է, որ մենք 2018-ին համերգ ունենանք իրենց հայտնի Disney Hall-ում, շատ ծախսեր էլ քաղաքապետն անձամբ իր վրա է վերցնում:

Լոս Անջելեսում համերգ ունեցանք հրաշալի ակուստիկայով դահլիճում, որը կաթոլիկ եկեղեցու դահլիճ էր համարվում: Շատ գոհ ենք հրավիրող կողմի աշխատանքից, քանի որ դահլիճները լեփ-լեցուն էին, մի բան, որ դասական երաժշտության պարագայում մեծ հարցականների տակ էր»,- հայտնեց երգչախմբի տնօրենը:

Արմեն Արաբյանը  նաեւ տարակուսանք հայտնեց. «Շատ տարօրինակ էր թեմի առաջնորդի վերաբերմունքը: Մենք դեռ մարտին պետք է մեկնեինք, եւ ինչպես բոլոր երկրներում, ուր որ գնում ենք անպայման ժողովրդին անվճար նվիրում ենք Պատարագը, այս անգամ էլ էինք առաջարկել: Ի դեպ, Վեհափառը չի ճանաչում ավելի լավ հայկական պատարագ երգող երգչախումբ, քան Հայաստանի պետական կամերային երգչախումբն է, որովհետեւ լավագույն հյուրերի ներկայությամբ, լավագույն ձեռնարկների ժամանակ մեզ հրավիրում է երգելու եւ մեծ ակնածանք ունի մեր երգչախմբի հանդեպ: Բայց չգիտես ինչու տարօրինակ ձեւով թեմի առաջնորդի կողմից դա մերժվեց: Ընդ որում, ոչ միայն մերժվեց թեմի առաջնորդի կողմից, այլեւ նույնիսկ ներկայացուցիչ չուղարկեցին համերգին ներկա գտնվելու: Չգիտեմ դա ինչով բացատրել, երեւի անձնական վերաբերմունքի հարց է, որովհետեւ գիտեմ, որ կասկածելի կլկլոցով երգիչներին թեմի առաջնորդը շնորհակալագրեր ու մեդալներ է հանձնում, ինչը գուցե իր անձնական նախասիրությունն է»:

Կամերային երգչախմբի տնօրենը նաեւ շեշտեց ամերիկյան Call Performance կազմակերպության կողմից իրականացվում է փառատոն, որտեղ ելույթներ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ ու խմբեր, որոնց թվում են Մացուեւը, Գերգիեւը եւ այլոք, հրավիրված է նաեւ Հայաստանի կամերային երգչախումբը: «Մեր երգչախումբն առաջին հայկական խումբն է, որ մտած է իրենց ծրագրի մեջ, մենք էլ ուզում ենք այնպես այնել, որ Disney Hall-ի ելույթը կարողանանք զուգորդել փառատոնի օրերի հետ, որպեսզի ծախսերը կրճատվեն: Ապրիլի 14-ին Բերկլիի համալսարանի դահլիճում արդեն դրված է մեր համերգը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում