Բըրբենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նմանատիպ
Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի հիմնադրման 90-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական այցի մանրամասներին:
Սրբազան Հայրը շեշտեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախություն և խանդավառություն է առաջացրել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում` զորացնելով սերը և նվիրումը Ս. Էջմիածնի և Հայրենիքի հանդեպ: Նա վստահեցրեց, որ Վեհափառ Հայրապետի այցից հետո վերանորոգված հավատքով, նվիրումով և սիրով պիտի շարունակեն իրենց առաքելությունը` ի շահ Հայոց Եկեղեցու պայծառության և բարգավաճման:
Այնուհետև ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը շեշտեց, որ հովվապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքից հեռու նրանց մեջ զորավոր են ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը, նախանձախնդրությունը հայոց լեզվի և մեր ազգային արժեքների պահպանության գործում:
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մեքսիկա կատարած հովվապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնությունը բաշխեց տեղի հայությանը և միասնաբար աղոթեցին երկրաշարժից զոհվածների հոգիների հանգստության համար:
Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, թեմական խորհրդի ատենապետ Տիար Ժոզեֆ Կանիմյանին, Արևմտյան թեմի հոգևոր սպասավորներին և աշխարհականներին հովվապետական այցի ժամանակ ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նաև ԳՀԽ նորընտիր կազմին` մաղթելով արդյունաշատ և բեղուն աշխատանք:
Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2017 թ. մայիսի 16-17-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:
Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը, որը պատրաստվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից: Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Ժողովականներն իրենց դիտարկումներն ու սրբագրություններն առաջարկեցին կանոնադրության հոդվածների վերաբերյալ:
Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց խմբագրական աշխատանքից հետո կանոնադրության նախագիծն առաքել թեմեր առաջարկությունների և դիտարկումների համար:
Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարերար տիար Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի ներկա վիճակի վերաբերյալ։ Նա տեղեկացրեց, որ նախապատրաստական փուլի աշխատանքներն արդեն ավարտված են և առաջիկա ամիսներին նա հանդիպումներ և հարցազրույցներ կունենա թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռում սպասավորող մի շարք հոգևորականների և աշխարհականների հետ:
Այս առիթով ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին տիար Ասո Դավիդյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ուսումնասիրության արդյունքները կնպաստեն Հայոց Եկեղեցու գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպմանը:
ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ժողովականներին ներկայացրեց «2018 թ. որպես երիտասարդության տարի» հռչակման տարում նախատեսվող ծրագրերի մանրամասները:
Սրբազան Հայրը նշեց, որ տարվա ամփոփումը կլինի հուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությունը: Տարվա ընթացքում նաև կկազմակերպվեն երիտասարդական ուխտագնացություններ թեմակալ առաջնորդների հետ դեպի Ս. Էջմիածին:
ԳՀԽ ժողովի ընթացքում համատեղ նիստ գումարվեց թեմական խորհրդի անդամների հետ, որի ժամանակ ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընդհանուր զեկույց ներկայացրեց թեմի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին:
Ժողովի վերջավորության Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ ԳՀԽ անդամների արդյունավետ աշխատանքին` ի նպաստ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման: Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն ուղղեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին` հովվապետական այցը և ԳՀԽ նիստերը հավուր պատշաճի կազմակերպելու համար` առ Աստված աղոթք հղելով թեմի պայծառության և հավատացյալ ամերիկահայերի կյանքի բարօրության համար:
Ժողովն ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում