ՀԱՖՆ-ն հյուրախաղերով հանդես կգա Իսպանիայում և Գերմանիայում
Նմանատիպ
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ամսվա ընթացքում հյուրախաղերով հանդես կգա Իսպանիայում և Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Նվագախմբի պաշտոնական կայքի համաձայն, Իսպանիայում նվագախումբը հանդես կգա նոյեմբերի 13-ին, 15-ին և 16-ին: Առաջին համերգը կկայանա Սարագոսայի Մոցարտի դահլիճում, այնուհետև՝ Օվիեդոյի «Príncipe Felipe» կոնգրես-դահլիճում, Կանտաբրիայի փառատոների պալատում:
Որպես մենակատար համերգներում հանդես է գալու գերմանացի ջութակահարուհի Սոֆիա Յաֆֆեն: Համերգներին կհնչի Խաչատրյանի, Շոստակովիչի, Մուսորգսկիի, Բորոդինի, Գլազունովի ստեղծագործություններից:
Գերմանիայում՝ Յենայի ֆիլհարմոնիկում, նոյեմբերի 25-ին կկայանա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկի միացյալ համերգը: Ծրագրում կհնչի Չայկովսկի՝ «Նախերգանք «Ռոմեո և Ջուլիետ»» բալետից (Յենայի ֆիլհարմոնիկ), Միրզոյան՝ «Սիմֆոնիա լարայինների և հարվածայինի համար» (ՀԱՖՆ), Շոստակովիչ՝ «Սիմֆոնիա թիվ 10» (ՅՖ և ՀԱՖՆ):
Բոլոր համերգները կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Իսպանիա և Գերմանիա հյուրախաղերից առաջ ՀԱՖՆ-ն ջութակահարուհի Սոֆիա Յաֆֆեի հետ ելույթ կունենա հայ հադիսատեսի համար: Համերգը կկայանա նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում