Բանաստեղծությունը պիտի հնչի, այլ ոչ թե միայն գրվի ու մնա գրքի մեջ․ բանատեղծ

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Աշնանային ռիթմեր» ցերեկույթը: Մի շարք գրողներ և բանաստեղծներ ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները և լսեցին երգահանների կողմի գրված երգերը:

«Տարվա մեջ երկու անգամ անց ենք կացնում արդեն ավանդական դարձած պոեզիայի օրեր՝ գարնանը և աշնանը: Նման ցերեկույթները նախատեսված են հիմնականում գրողների միության անդամների համար ,բայց ընդգրկվում են նաև այլ տաղանդաշատ մարդիկ ևս»,-նշեց մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, Գրողների միության բանաստեղծական բաժանմունքի ղեկավար Արևշատ Ավագյանը:

Նրա խոսքերով փորձել է տարածաշրջանային առումով ավելի ընդգրկուն դարձնել ցերեկույթը: Բանաստեղծները ոչ միայն Երևանից էին, այլ նաև Արարատի մարզից, Գառնիից, Բյուրականից , Գյումրիից, Բյուրեղավանից:

Բանաստեղծը կարծում է՝այս ցերեկույթը կայացած էր այնքանով , որ անգամ ազգային ժողովում մինչև վերջ մարդիկ չեն մնում, երբ կարևոր որոշում է ընդունվում, իսկ այստեղ երկու ժամ դահլիճը լեցուն էր: «Ցավում եմ, որ պոեզիան դուրս է մնացել մեր եթերից , ինչու չէ, նաև թերթերից: Կարծում եմ ՝ պատճառը և սոցիալական է և գաղափարական:

Բանաստեղծական խոսքը շատ արժեքավոր է , կարող է քաղաքականացվել»,- նշեց բանաստեղծը:

Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանի կարծիքով բանաստեղծությունը պիտի հնչի, այլ ոչ թե միայն գրվի ու մնա գրքի մեջ: «Ինձ տխրեցնում է այն միտքը, որ նման միջոցառումների ժամանակ սերունդների տարանջատում է նկատվում: Մեծահասակներն անում են իրենց համար, երիտասարդները չեն մասնակցում, ինչ-որ ժխտողական միտում է նկատվում:

Գրողը գրում է, երբ չի կարողանում չգրել ու չարտահայտվել, բանաստեղծությունը ստեղծվում է ինքն իրեն և ես կարծում եմ՝ եթե գրողն ունի ինքնահավանություն՝լավ իմաստով, այն իր ընթերցողին կգտնի»,-Aravot-ի հետ զրույցում նշեց բանաստեղծը:

Պոեզիայի երեկոյին մաս կազմեցին նաև դաշնամուրային և երաժշտական կատարումները,իսկ հանդիպման վերջում Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Մարինե Իսրայելյանը խնդրեց թույլ տալ ընթերցել իր գրած բանաստեղծությունները, ինչը բարձր գնահատականի արժանացավ բանաստեղծների կողմից:

«Այստեղ ելույթ ունենալս մեծ հուզմունքի հետ էր կապված, այն փորձություն էր ինձ համար:Միջոցառումից գեղեցիկ տպավորություններ ստացա և համոզվեցի, որ մերօրյա իրականության մեջ գրականությունը, պոեզիան առաջ է ընթանում»: Մեզ հետ զրույցում նշեց ապագա բանասերը:

Մեր այն հարցին , թե ինչ կարծիքի է ուսանողության ինտեգրման բացակայության և չեզոքության մասին ,նա պատասխանեց, որ հարցին միանշանակ պատասխան տալ չենք կարող: «Գուցե դաշտ չկա նրանց ինքնաարտահատման համար ,խնդիրները շատ են, և հնարավոր է ՝ոչ բոլորն են համարձակվում ընթանալ դեպի ճանաչումն ու ինքնաարտահայտումը տանող փշոտ ճանապարհով»:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում