Անանձնություն
08/11/2017 12:30
Նմանատիպ
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ։
Խոսք՝ Վահագն Դավթյանի
Կատարում՝ Ռոբերտ Ամիրխանյանի