Դեմիրճյանը` ՀԱԿ նախագա՞հ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. նրան առաջարկվում է գլխավորել ՀԱԿ դաշինքը, հնարավոր է՝ նաեւ նույնանուն խմբակցությունը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, եւ նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը:

Այս առումով հետաքրքիր է հիշել գրեթե մեկ տարվա վաղեմությամբ մի դեպք: Երբ անցյալ տարի պետք է ընտրվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ առաջադրվել էր երկու թեկնածու՝ Լեւոն Զուրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: Դեմիրճյանն իր բոյկոտը չէր բացատրել, բայց դժվար չէ հասկանալ, որ, ըստ ամենայնի, նա խմբակցության ղեկավարի ամենաարժանավոր թեկնածու համարում էր հենց իրեն, եւ, թերեւս, վիրավորվել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրվել: Առաջին քվեարկության ժամանակ երեքական ձայն էին ստացել Լ.Զուրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը, բայց Տեր-Պետրոսյանի միջամտության արդյունքում Լեւոն Զուրաբյանն ընտրվեց 4-2 հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը կարող է վերականգնել խախտված պատմական անարդարությունը՝ փոխարինելով Լեւոն Զուրաբյանին»,- գրում է «168 ժամը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում