Գյումրիից ոտքով Երևան եկած քաղաքացին հիասթափված է Ր. Հովհաննիսյանից

Գյումրիից Ազատության հրապարակ ոտքով հասած նախկին ՌԴ ՍԶ-ի զինվորական Մելիքսեթ Գաբոյանը, իր իսկ խոսքերով՝ 2004-ից մինչ օրս ապօրինի զրկված աշխատանքից, ընտրելու, ազատ տեղաշարժի ՀՀ սահմանադրական իրավունքներից և մարդու հիմնարար ազատություններից՝ ոչ թոշակառու լինելով հանդերձ, հիասթափություն ապրեց ապրիլի 9-ին, քանի որ այդքան ճանապարհ ոտքով չէր անցել, որ գնար ոստիկանապետի հետ աղոթելու:

«Ես այդքան ճանապարհ ոտքով չէի եկել, որ գնայի մոմավառության կամ օրինախախտ ոստիկանապետի հետ աղոթելու: Մենք երկրում իշխանափոխություն ենք ուզում, որովհետև չի գործում օրենք և դատական համակարգը։ Այսպես շարունակվել այլևս չի կարող, երկիրը դատարկվում է, իսկ ընդդիմադիր ուժերի միավորում չկա: Տեսնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ ոչինչ անել չի կարողանա, իսկ նրան աջակցող էլ չկա։ Մարզային հանդիպումները նույնպես սակավամարդ են, և ես չեմ կարծում թե դրանք որևէ էական օգուտ կտան»,-«Ժամանակի» հետ զրույցում ասել է Մ. Գաբոյանը:

Մելիքսեթ Գաբոյանի խոսքերով՝ Ազատության հրապարակը մարդաշատ լինելու և բոլորը միասին լինելու դեպքում միայն հնարավոր կլինի որևէ բանի հասնել և երկրում ինչ-որ բան փոխել, իսկ այսպես սակավամարդ հանդիպումներով, մարզային այցելություններով և դրանց հետ հույս կապելով՝ ոչինչ փոխել չի լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում