ՀԱԿԿ-ից հիասթափվածները ստեղծում են նոր ՀԱԿ

Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ նախկինում բազմիցս դժգոհել են, որ քաղխորհրդի նիստերը Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայության ժամանակ վարում էր համակարգող Լևոն Զուրաբյանը: Դաշինքի մաս կազմող մի շարք կուսակցություններ դեմ էին նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը, հետևաբար չդարձան նրա անդամ։ Վերջիններիս հարաբերությունները Կոնգրեսի մի մասի հետ լարվեցին այն ժամանակ, երբ քաղաքագիտական վերլուծության արդյունքում ծնվեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը:

Երեկ այդ կուսակցություններից 8-ի անունից տարածվել է հայտարարություն, որի համաձայն՝ ստեղծվելու է կուսակցությունների միավորում, քաղխորհրդի նիստերը վարելու են կուսակցությունների նախագահները՝ ռոտացիոն սկզբունքով, չեն ունենալու համակարգող, և միավորումն էլ ունենալու է այլ անվանում: Նրանք կոչ են արել ժամանակին Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս եկած բոլոր կուսակցություններին դեռևս դաշինքի մաս կազմող կուսակցություններին, հարաբերությունները սառեցրած կուսակցություններին միանալ իրենց:

«Ժամանակի» հետ զրույցում ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշել է, որ թեև հայտարարությունը տարածվել է 8 կուսակցությունների անունից, այդուհանդերձ նիստին ներկա են եղել 5-ի՝ «Ժողովրդավարական ուղի», «Կանաչների միություն, «ՄԻ-96», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների նախագահները, հետևաբար քվորումն ապահովվել է:

Հարցին, թե ինչո՞ւ ծագեց կուսակցությունների նոր միավորում ստեղծելու գաղափար, Սոս Գիմիշյանը պատասխանել է. «Կար համակարգող մարմին, կար շտաբ և գրասենյակ՝ այդ ամբողջը գործում էր հիմնադիր նախագահի նստավայրում և ձևավորված էր իր կողմից, հետևաբար այն պահից, երբ ստեղծվեց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ՀՀՇ-ն վերանվանվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության, և փաստացի իրենք հայտարարեցին, որ հիմնադրվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը և դաշինքը գոյություն չունի, իրենք իրենց դուրս մղեցին կուսակցությունից: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն՝ իր կազմով, իր կողմնակիցներով նոր կուսակցություն է ստեղծել՝ հայտարարելով, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը գոյություն չունի։ Մենք էլ ստիպված ենք այս քայլին գնալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում