«Մի կտոր կրակ»՝ երիտասարդ ստեղծագործողների կողմից
Նմանատիպ
«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը Հայաստանի նկարիչների միությունում մեկ հարկի տակ հավաքեց 180-ից ավելի երիտասարդ ստեղծագործողների:
Նոյեմբերի 11-ին բացված ցուցահանդես-մրցույթն այն ավանդական ծրագրերից է, որն իրականացվում է Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից:
«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Արա Բաբլոյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Ձեր առջեւ բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաեւ մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»:
Կարեն Ավագյանը հիշեց՝ ժամանակին շատերն ասում էին, թե սա նախընտրական միջոցառում է. «Երբ այս ծրագիրն առաջին անգամ իրականացնում էինք, շատերը մտածում էին, թե այդ տարվա համար ինչ-որ փոքր խնդիր ենք լուծում. նախընտրական որոշակի ծրագիր է, և փորձում ենք երիտասարդներին հավաքել: Այս տարիների փորձը, որ ծրագիրը դարձավ ավանդույթ, գալիս է ապացուցելու, որ մեր հիմնական նպատակն է ուշադրության կենտրոնում պահել ստեղծագործ երիտասարդությանը»:
Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ ՀԵՀ-ը նախաձեռնել է միջոցառումների շքերթ, որն ամեն տարի գալիս է ուսանողների խնդիրները առանձնացնելու, վեր հանելու և որոշակի օրեր տոն դարձնելու համար:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի քանդակագործության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Վահանյանը նկատեց, որ սա հնարավորություն է երիտասարդ արվեստագետի համար ունենալ իր լսարանը և ճանաչում ձեռք բերել:
Նշենք, որ «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են պետական և ոչ պետական բուհերի, քոլեջների, ուսումնարանների 180-ից ավելի ուսանողների 230 աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ ոլորտներում: Մրցույթ –ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը, որից հետո ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ» անվանակարգերում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում