Մոխի՜րը գիտի, թե ինչ ասել է՝ ի սպառ այրվել
Նմանատիպ
Մոխի՜րը գիտի, թե ինչ ասել է՝ ի սպառ այրվել։
Ես նույնպես ասեմ՝ կկոց նայելով դեպի հեռուն.
քամին ամեն ինչ չի տանի, ոչ մի հսկա ավել
բակում ամբողջը չի սրբելու:
Ծխուկ կլինենք, կամ նստարանի ստվերում՝ թուք,
եւ ներս չի թողնի մեր մութ անկյունը ճառագայթին:
Ու մենք մեր օրվան երկար կսպասենք՝ աղբակույտում,
հումուսում, շերտում մշակույթի:
Ու կեղտոտելով թին – հնագետը, երախը բաց՝
փսխել կփորձի… բայց իր գտածը կդեգերի՝
թնդացընելով աշխարհը, որպես կիրք անթեղած
կամ հակավարկած հին բուրգերի:
«Լեշ» – փորը գրկած կարտաշնչի՝
մեզ ըմբռնելով, որքան գետինը՝ ամպածերպին,
քանի որ լեշը ազատությունն է՝ ամբողջ-բջջից.
աստվածացումը՝ մասնիկ-կերպի:
Իոսիֆ ԲՐՈԴՍԿԻ
Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում ապրող հրեայի ընտանիքում։ Հայրը, Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին (1903–1984), ռազմական մամուլի լուսանկարիչ էր, պատերազմից վերադարձել է 1948 թվականին և ընդունվել աշխատանքի Ռազմածովային թանգարանի ֆոտոլաբարատորիայում։ 1950 թվականին զորացրվել է, դրանից հետո աշխատել է լուսանկարիչ և լրագրող լենինգրադյան որոշ թերթերում։ Մայրը, Մարիա Վոլպերտը (1905—1983 ), հաշվապահ էր։ Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի, բլոկադայի տարիներին, առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ։ 1942 թվականին բլոկադայից հետո մայրը որդու հետ տարհանվում է Չերեպովեց, Լենինգրադ են վերադարձել 1944 թվականին։ 1947 թվականին Իոսիֆը հաճախում է Կիրոչնոյ փողոցի № 203 դպրոցը, 1950-ին տեղափոխվում է Մոխովոյ փողոցի թիվ 196 դպրոցը, 1953 թվականին նա գնում է համար 181 դպրոցի 7-րդ դասարան։ 1954 թվականին հայտ է ներկայացնում Բալթյան երկրորդ դպրոցին (ծովագնացության), բայց չի ընդունվում։ Տեղափոխվում է համար 276 դպրոցը, որտեղ շարունակում է ուսումը։ 1955 թվականին ընտանիքը ստանում է «կես բնակարան» Մուրուզիի տանը։
15 տարեկան հասակում թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Եղել է լենինգրադյան գրական կազմակերպության թարգմանչական սեկցիայի անդամ։ Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նախքան վտարանդիությունը, պաշտոնական հրատարակություններում գրողի միայն 4 բանաստեղծություն է հրատարակվել։
Բրոդսկու էսթետիկական հայացքները ձևավորվել են Լենգինգրադում 1940–1950-ական թվականներին։ Նորդասական ճարտարապետությունը, որը սարսափելի տուժել էր ռմբակոծությունների ժամանակ, ջուրը, բազմաթիվ արտացոլումներով, մոտիվները՝ որոնք կապված էին նրա մանկության և երիտասարդության տպավորությունների հետ, անպայմանորեն արտահայտվում են նրա արվեստում։
Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին: Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը (“Баллада о маленьком буксире”) տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» (Костёр) ամսագրում (№ 11, 1962) :
1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցի վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվեց ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրեց Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականից՝ ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա տեղափոխվեց Նյու-Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժամացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։
1987 թվականին նրան շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ։
Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում