Խելոքն ու հիմարը
Նմանատիպ
Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
– Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
– Լա՛վ,- ասում է խելոքը.- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
– Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.
– Հե՜յ… հիմարը կանգնում է։
– Ինձ հետ ես խոսում, հա՞…
Ավերակը ձայն է տալիս.
– Հա՜…
– Մոզին ուզում ե՞ս։
– Ե՜ս…
– Քա՞նի մանեթ կտաս։
– Տա՜ս…
– Հիմի կտա՞ս, թե չէ։
– Չէ՜…
– Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
– Արի՜…
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
– Հը՜,— ասում է,- մորթել ես կերել, հա՜։
– Հա՜…
– Չաղ է՞ր, թե չէ։
– Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
– Էդ իմ բանը չի,- ասում է,- առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…
– Սկի՜ …
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
– Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
– Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,- ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
– Ծախեցի։
– Ո՞ւմ վրա։
– Ավերակի։
– Հետո, փող տվա՞վ։
– Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
– Էդ ո՞րտեղ է,- աչքերը չորս է անում խելոք ախպերը։
– է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
– Բեր,- ասում է,- ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
-Պարոն դատավոր,-ասում է,- ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…
– Հերիք է, հերիք,-ընդհատում է դատավորը.- էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…- վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում