Արդար մարդը
Նմանատիպ
Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջը.
— Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել։
Եվ բուրաստանի տերն ասաց.
— Կեսը, որ իմն է հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է, այստեղից վեց օրվա ճանապարհ։
Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.
— Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ:
Եվ մարդն ասաց.
— Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու, և ո՛չ ձեռք և ո՛չ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ։
Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց.
— Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։
Եվ նա ասաց.
-Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում և ահա դու եկար։
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՅԳԵԿՑԻ. «Աղվեսագիրք» էջ 76
Հետևեք մեզ նաև Telegram-ում