Տիգրան Սարգսյանը խոսեց Կառավարության սև ցուցակից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն անթույլատրելի է համարում այն ձեռնարկությունների մասնակցությունը պետական գնումներին, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն:

 Անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում աուդիտի իրականացմանը և վերջիններիս ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը` կառավարության նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանն:

«Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով’ կամ պետք է ձեռնարկությունն իր ֆինանսական հաշվետվությունները կարգի բերի, որպեսզի մենք հասկանանք, որ նա հանրությանը ներկայացնում է ճշգրիտ տեղեկատվություն, կամ չմասնակցի գնումներին: Կան կազմակերպություններ, որ ընդհանրապես հրաժարվում են իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակել. դրանք խախտում են օրենքի պահանջները: Եթե խախտում են օրենքի պահանջները, ուրեմն չպետք է կարողանան գնումների գործընթացին մասնակցել, հայտնվելով մեր սև ցուցակներում»,- նշել է նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նմանատիպ սկզբունք է որդեգրվելու նաև առողջապահական ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին կառավարության պահանջը՝ բժշկական հաստատությունների կողմից հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ: «Այս ֆինանսական հաշվետվությունները դրա կարևորագույն բաղկացուցիչ մասն են, եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այն չի արտահայտում իրականությունը, ապա մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ լինենք շատ խիստ»,- ասաց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին՝ գործադիրին ներկայացնել վերը նշված սահմանափակումների կիրառման որոշման նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում