Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին’ Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշել է, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն է արտահայտել «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ’ ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հավատի և կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսության կարևոր դերակատարությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում