Ն. Զոհրաբյան. Կարեւորն այն է, թե որ քաղաքական ուժը կկարողանա խոսքը գործ դարձնել

«Բարգավաճ Հայաստան» քարոզչության պատասխանատու, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մայիսի 5-ը որոշիչ օր է ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի համար:

«Այդ օրը ցույց կտա’ արդյո՞ք մենք ձեզ հետ միասին կկարողանանք կոտրել Հայաստանում քաղաքական մենաշնորհը, թե ոչ և իրապես այս ընտրություններից շատ բան է կախված լինելու ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի զարգացման, ապագայի համար», ասել է ԲՀԿ խմբակցության անդամը, տեղեկացնում է Panorama.am-ը:

Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում  նաեւ անդրադարձել է մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերին` ասելով, որ որևէ կուսակցության ծրագրում գրված չի, որ այս կամ այն քաղաքական ուժը վատ Երևան է ուզում ունենալ:  Նա հատկանշական է համարել, սակայն, այն, թե ո՞ր քաղաքական ուժն է ի վիճակի կլինի իրականում իր խոսքը դարձնել գործ և ո՞ր քաղաքական ուժն է, որ այս տարիների ընթացքում դա ապացուցել է իր գործով և ո՞ր քաղաքական ուժն է պատրաստ ստանձնել այդ պատասխանատվությունն ու ասել’ ես խոստացել եմ, ես անում եմ: «Եվ ոչ թե’ ինձ ևս մի քանի տարի ժամանակ տվեք տեսնեմ, թե ինչ կարող եմ անել», ընդգծեց նա:

Իր խոսքում Ն.Զոհրաբյանը ներկաներին վստահեցրեց, որ ԲՀԿ-ն անպայման տեր է կանգնելու քաղաքացու քվեին, որովհետև իրենք ունեն հրաշալի պատրաստված հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, որոնք զինված են «ոչ թե մարդ ծեծելով, արմատուրաներով, խարդախությունների մեջ մասնագիտացված լինելով, այլ օրենքով և կարողանալու են պահպանել քաղաքացու քվեն: Դրա արդյունքում էլ մայիսի 6-ին ունենալու ենք բոլորովին նոր Երևան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում