Շարմազանով. Խոջալուի մասին ընդունած բանաձեւը չի բխում խաղաղ բանակցությունների շահերից
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 18-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին և հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին և Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում և օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները հետայսու ավելի բարձր է գնահատել, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության և նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
ԱԺ փոխնախագահը հորդորել է նաև չեխ գործընկերներին հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձևը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:
Չեխիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Բաուերը տեղեկացրել է, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանի ձեռքբերումներին ու խնդիրներին: Նա կարևորել է միջպետական և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների գործադրած ջանքերը և հավաստիացրել, որ Չեխիան պատրաստակամ է նպաստելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ու եվրաինտեգրման իր փորձը փոխանցելու բարեկամ երկրին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում