Ն. Զոհրաբյան. Խոջալուի մասին բանաձեւ ընդունելուց առաջ պետք էր այցելել Հայաստան

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչի, Ֆրանտիշեկ Նովոսադի եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում անդրադառնալով Յան Բաուերի ակտիվ մասնակցությանը՝ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ թիվ 219 բանաձեւի ընդունմանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ճիշտ կլիներ, որ նա բանաձեւին կողմ քվեարկելուց առաջ այցելեր Հայաստան, որպեսզի կարողանար իրական պատկերացում ստանալ Խոջալուի դեպքերի մասին: Մշտական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանում գնտվելու ընթացքում Յան Բաուերը կփորձի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ որպես ԵՄ անդամ՝ չեխ խորհրդարանականներին պատիվ չի բերում Ադրբեջանի նավթադոլարային քարոզչության ազդեցությամբ նման բանաձեւերի ընդունումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին վերաբերող հարցեր: Չեխ խորհրդարանականներն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից որոշակի պարզաբանումներ եւ մեկնաբանություններ խնդրեցին մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Յան Բաուերն ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հրավիրեց այցելել Չեխիայի խորհրդարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում