Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում

Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում: Հիմնական պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, կապված է վարկային համակարգի հետ: Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել:

Օրինակ՝ գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել՝ ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, եւ հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենք: Նման մի պատմություն էլ թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկն է սարքել. փաստաթղթեր է ներկայացրել, սակայն հիմա ֆաբրիկան չկա:

Բանկային խնդիրն ավելի է սրվել «Արմավիա»-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ իրավիճակը լրջորեն մտահոգել է նաեւ Կենտրոնական բանկին, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել: Եվ ահա երեք օր առաջ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում