Գայլի խոստովանքը

Գայլի խոստովանքը

Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ
խոստովանել… Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն
այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:

Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:

– Մի անգամ, – ասում է նա, – մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած
էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում
կանգնած՝ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի
ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:

Էս մեկ… մեկ էլ..

– Հիշում եմ, ա՛յ գայլ, – ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, – այդ
բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր
կարողանում տեղիցդ շարժվել։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում