Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կրթական պայմանները գոհացնում են թե սաներին, թե նրանց ծնողներին
Նմանատիպ
Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նպատակը մեկն է` շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Վարժարանի 12-րդ դասարանի սան Հովսեփ Օսիպյանը պատրաստվում է Բժշկական համալսարան ընդունվել: Նկարագրելով իրենց առօրյան վարժարանում`Հովսեփը նշում է, որ շատ հագեցած գրաֆիկով են ապրում ու սովորում: «Օրը սկսվում է առավոտյան վերկացով, սպորտ-մասսայական միջոցառումներ, հետո արդեն դասերի պատրաստություններն են մինչև ժամը երկուսը: Հետո ճաշ, որից հետո ինքնապատրաստումներ`կարող ենք ուսուցիչների հետ կամ առանձին անհատական պարապմունքներ անցկացնել: Երեկոյան ճաշից հետո հանգստանում ենք, որից հետո անվանականչ ու քնի ժամ»:
Երևանաբնակ Հովսեփի խոսքով` իրենց համար ստեղծված են բոլոր պայմանները լավ կրթություն ստանալու, սպորտով զբաղվելու համար:
12-րդ դասարանցի Էդգար Գասպարյանն էլ պատրաստվում է զինվորական դառնալ, ու հենց այդ նպատակով էլ ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: «Ես մանկուց ցանկանում էի զինվորական դառնալ, դրա համար էլ ընդունվեցի այստեղ, հետագայում ցանկանում եմ հրետանավոր դառնալ»,-նշում է վարժարանի սանը: Ասում է, որ դասերից դուրս սպորտով են զբաղվում ու գիրք կարդում, այս պահին ընթերցում է հեղափոխական գործիչ Կամոյի մասին:
Գառնիկ Հովհաննիսյանը, ում որդին վարժարան է ընդունվել այս ուսումնական տարում, ասում է` այդ որոշումը երկկողմանի էր: «Տղաս ուզում էր զինվորական դառնալ, մենք էլ էինք համաձայն, այնպես չէր, որ ստիպեցինք, ինքն էլ է սիրում»:
Հարցին, թե արդյոք դժվար չէ ծնողի համար որդուն տանից հեռու կրթության ուղարկել, պատասխանում է. «Որ ասեմ դժվար չի, կխաբեմ, դժվարություններ կան, ամեն դեպքում` տղա երեխա է, դժվարություններ էլ պետք է տեսնի, ծնողի համար էլ է դժվար, փորձում ենք հաշտվել ու ընտելանալ երկար բաժանումներին: Եթե ընտրել է այս ուղին, այնպես չէ, որ ամեն օր տեսնելու ենք»:
Հայրը գոհ է դպրոցի պայմաններից, ասում է, որ որդին էլ է սիրով սովորում, հատկապես ֆիզիկական պատրաստվածության հատվածը, ունի շատ ընկերներ: Իսկ վարժարանն ավարտելուց հետո շարունակելու է ռազմական ուղին, հնարավոր է նաև արտասահմանում շարունակի ուսումը:
Մարինե Անտոնյանը, ում որդին 11-րդ դասարանում է սովորում, ասում է` գիտակցաբար են մոտենում հանգամանքին, որ տղան տանից հեռու է կրթություն ստանում: Ու չնայած որդուն իրենք են խորհուրդ տվել այստեղ սովորել, որդին գոհ է կայացված որոշումից:
Մայրը նշում է, որ հեռախոսով շատ է խորհուրդ տալիս որդուն, որ միշտ ճիշտ ուղու վրա լինի: «Այստեղ էլ ղեկավարությունն իրենց շատ լավ ուղղորդում է, խորհուրդներ են տալիս, ամեն ինչից ինքը շատ գոհ է: Սկզբից, որ եկավ, չէր պատկերացնում, որ կարող է այսպես հարմարվել: Զանգեց ասաց` «մամա, գիտես, շատ լավ եմ հարմարվել»,-ուրախությամբ ասում է Մարինե Անտոնյանը:
Ծնողները ժամանակ առ ժամանակ վարժարան այցելելու հնարավորություն են ստանում, առիթ են ունեցել նաև երեխաների հետ ճաշելու, շրջել են դպրոցում, ծանոթացել պայմաններին ու այն գնահատում են` «արտակարգ»:
Մարինե Անտոնյանի խոսքով`որդին անպայման շարունակելու է ուսումը, բայց դեռ տատանվում է, թե ինչ ուղղությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում կատարել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում