Ցեղասպանության մասին ֆիլմի ոչ դասականացված մոտեցում

«Առավոտը» մեջբերել է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքը Հարություն Հարությունյանի և Արամ Շահբազյանի «Հարդենբերգի վկաները» կինոսցենարի մասին. «Սցենար, որտեղ առաջին անգամ ես տեսա, որ չկա, կարելի է ասել, արդեն դասականացված մոտեցումը մեր ազգի հետ պատահած մեծ ողբերգության, չկա մեր, մի տեսակ, աշխարհին հաճախ անհաղորդ ողբը: Սցենարը ոչ թե լացուկոծ է, ոչ թե յաթաղանի ցուցադրություն, այլ պայքար’ հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների, հանուն մարդու և ազգերի իրավունքի, և շատ ավելի ամբողջական է ներկայացնում մեր ողբերգությունը, քան մինչ այդ հայտնի ֆիլմերը: Կարծում եմ, որ բոլորս պիտի տեր կանգնենք այս սցենարին, քանզի երկու տարի է մնացել Ցեղասպանության հարյուրամյակին: Մինչ այս մեր ազգի մեծ ողբերգության մասին ավելի հետաքրքիր գործ չեմ կարդացել»:

Հարություն Հարությունյանը թերթի հետ զրույցում ասել է, որ համեստ հաշվարկներով ֆիլմի բյուջեն կազմել է 4 մլն եվրո, և ցանկություն կա ներգրավել արտերկրի պրոդյուսերների՝ ֆիլմն աշխարհին ներկայացնելու համար, քանի որ սցենարը համամարդկային է։ Ի դեպ, ըստ աշխարհում գոյություն ունեցող կարգի՝ երկիրը պետք է ապահովի պահանջվող գումարի 30 տոկոսը, ինչի շուրջ քննարկումներ են ընթանում ՀՀ մշակույթի նախարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում