ԲՀԿ-ում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը արդիական հարց չէ. Տ. Ուրիխանյան

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվել:

«Մեր ներսում չի քննարկվել, արդիական չէ, օրակարգային չէ»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը և ավելացրել, որ ինքը վստահ է, որ Գագիկ Ծառուկյան-Տիգրան Սարգսյան հանդիպում չի եղել:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն’ երեկ իշխանական կուլիսներում լուրեր են տարածվել, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հայկական ժամանակը» գրում է, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ:

Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից թերթը փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծառուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանել է. «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»:

ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիայի շուրջ բանակցությունների մասին գրում է նաև «Հարապարակ» օրաթերթը. «Կառավարության կազմի ամբողջական հրապարակումը հետաձգվում է մինչև մայիսի 9-ը, նաև այդ պատճառով անդրկուլիսներում բանակցողները պայմանավորվել են’ եթե ԲՀԿ-ն Երևանի ընտրություններում գրավի երկրորդ տեղը, այդ դեպքում որոշ պորտֆելներ’ հումանիտար բլոկում, չեն բացառում’ նաև դիվանագիտական «կորպուսում», կտրվեն նրան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում