Մարդը ողջ կյանքում վճարում է գոյատևելու համար. ոչ ազատ ժամանակ ունի, ոչ էլ պայքարելու
Նմանատիպ
Մարդը ողջ կյանքում վճարում է գոյատևելու համար, մինչդեռ լավ ապրելու համար ոչ ազատ ժամանակ ունի, ոչ պայքարելու, ոչ էլ «վճարելու» սովորություն… Ինչպես որ շատերը երազում են ապրել դրախտում, բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ մեկ չգիտի, որտեղ է դրախտի ճանապարհը։
Արտոն հասկացավ, որ ի զորու չէ մենամարտի դուրս գալ կնոջ հետ: Նժարի երկու թաթերը հրապուրվեցին մարդկային անազնիվ, անանձնական անտարբերությունից, միթե ամեն բան անտարբերության ու կեղծիքի մեջ է տեսնում մարդը, ինքն իրեն… Արտոն կրկին ձախողվեց: Դեմքն առել էր խոշոր ձեռքի ափերի մեջ` հեկեկում էր: Ամբողջ գիշեր պատուհանս չփակվեց, սպասում էի, վերջիվերջո կգա, կկանգնի, կվերցնի ողջ ծանրությունը իր ուսերին: Ամբողջանում էր գիշերը: Երկինքն ու երկիրը ցնցման մեջ ուղղել էին նախորդ օրվա բացթողածը: Արտոյի սիրտը գնալով դադարում էր հանդգնել, շուռումուռ էր անում, հեշտագին մտքերի տակից որևէ անզգույշ քայլ, կարող էր սպանել նրա փոքրիկ ուղեղի, կենդանի ներկայությունը… Ինքս իմ մեջ, մատնում էր իրական փաստը, որը հետո հանդարտ լցվելու էր մարդու անընթեռնելի հոգին… հոգին այժմ հիշողության մեջ հանգիստ սատկում էր: Արտոյի ձայնը հասավ վերև ու հետ եկավ:
Պառկած տեղից վեր թռա, դեռ գետնին նստած էր Արտոն, փոքրիկ մասնիկ էր ուզում տանել երկնքից: Երկինքը լռելյայն հետևում էր նրան: Մեկ էլ հասկացավ Արտոյին, բացեց գլուխն ու թքեց նրա վրա: Հունվարին անձրև եկավ ու մաքրեց ձյունը, այժմ քաղաքում գարուն էր:
Ես, օրինակ, երբեք առաջներում չէի մտածում, թե ինչու եմ ապրում, ինչի համար, ում համար: Ինձ համար: Իսկ ինձ ինչ է պետք, արդյոք զվարճություն: Ոչ , ինձ ոչ թե զվարճություն, այլ երջանկություն է պետք: Եթե հանկարծ տեսնես նրան, ասա որ ես երջանիկ լինելու իմ պատճառը ունեմ… եթե հանկարծ տեսնես երջանկությանը կուղարկես մեր տուն, Նալբանդյան 27/18:
Նայում եմ ժամացույցին , կարելի է և ճաշել, ոչինչ չեմ կերել: Ճաշից հետո ես կգնամ Ազատության 27/18, ասում են՝ վերջին անգամ երջանկությանը, այդ կողմերում են տեսել, մեկի տանը գողություն անելիս: Հապշտապ իջնում եմ ցեխոտ փողոցը, փողոցը հրճվում է ինձ: Երկինքը բերանն ու ակնջները կախել, հրճվում է… բոլորն են հրճվում: Չեմ հասկանում ինչ է կատարվում, հիմա հրճվանք, թե երջանկություն է պետք ինձ, չէ երջանկությունը գող է, այսօր տվեց, քիչ անց կվերցնի…
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում