Գալոյի աղվեսը

Գալոյի աղվեսը

Ձմեռն էր։ Գայլերը մտնում էին մեր գյուղը ու դռներից շներ փախցնում։

Մի սոված աղվես էլ երդիկից ներս էր մտել հավանոցը և թառի վրայից հավի հետ ընկել
էր գետին։

Ճըղղոց-ճըղրտոցն ընկել էր հավերի մեջ։ Խչոյենց Գալոն, որ գոմում էր քնած, լսեց
հավերի ձայնը, վեր կացավ, ճրագ արավ ու գնաց դեպի հավնոց իմանալու, թե ինչ է
պատահել։ Դուռը բանալուն պես մեկ էլ անտեր աղվեսը հավը բերանին դուրս ցատկեց
պպզած տեղից, կպավ Գալոյի բաց ծնկներին ու ոտների արանքով իրեն գցեց գոմը։

Գալո ապին լավ էլ չնկատեց, թե էն անտերն ինչ բան էր՝ կատո՞ւ էր, աղվե՞ս էր,
գե՞լ էր, մարդագե՞լ էր, էնպես վեր թռավ, կանգնած տեղից ետ-ետ գնաց, որ մեջքն առավ
ջրհորի գուռին ու փռվեց լերդի վրա ջրի մեջ, բղավելով․

Օգնեց՜ք, օգնեցե՜ք, աղջի Զանան, Նարգիզ, Բախչո, Ռստակ, Խաչո, Ավո, Հակո, օգնեցե՜ք,
աչքիս բան երևաց, սիրտս պատռավ։

Էդ ձենի վրա Գալո ապու կինը՝ Զանանը, որդիներն ու հարսները, առհասարակ
տանեցիք քնահարամ վեր թռան տեղներից, կիսամերկ վազեցին գոմ։ Տեսան, որ Գալոն
իր տեղաշորումը չի, ձենը ջրհորի մոտից է գալիս։

Գալո՛ ապի, Գալո՛ ապի, էդ որտե՞ղ ես,- ձեն տվին ու ճրագ արին։

-Ջրի գուռն եմ ընկել, փորձանքի եմ եկել, ոտներիս արանքով մի բան փախավ, չիմացա
անտերը մարդագել էր, ինչ էր։

-Տնաշենի մարդ,- հանաքի տվավ Զանանը,- հո դու վաղուցվա վախկոտն ես, ո՛վ գիտե
կատու է անցել ոտներիդ արանքով։ Ի՞նչ է, էլ ի՞նչ սիրտդ ճաքեց, էլ տեղ չկա՞ր, որ եկար
ջրի գուռն ընկար։ Լավ է, որ ջրհորը չես ընկել, թե չէ ո՞վ պետք է մտներ քեզ ջրհորից
հաներ․ ես որ մտնողը չէի, թեկուզ քեզ պես քառասուն Գալո էլ մեռել։

Աղջի Նարգիզ, ի՞նչ ես հեռու կանգնել, ամաչելդ հիմի՞ բռնեց, հաշվի թե կեսրարիդ տաշտն ենք դրել լողացնում ենք։ Կարպետը բեր էս անկյալին փաթաթենք, տանենք տեղը դնենք։

Կարպետը բերին։ Գալոյին ջրի գուռից քաշեցին, շիտկեցին, շապիկն հանեցին, իրեն
փաթաթեցին կարպետի մեջ, տարան դրին իր տեղը և ջուր խմացրին։

-Այ հիմի,- շարունակում էր Զանանն իր հանաքը,- աստված ջահել-ջիվան, բերանն
անատամ Գալո ապուս ինձ բաշխեց։ Ա՛յ մարդ, դրուստ, որ մեռնեիր, իմ հալն ի՛նչ կլիներ։

Ես ինչպես լաց կլինեի քեզ վրա։ Պիտի ասեի, ա՛յ Գալո ջան, քո ասլանի սրտին մեռնեմ,
մեծ գետերը թողիր, եկար ջրհորի գուռի մեջ խեղդվեցի՞ր։ Ա՜խ, Գալո ջան, ե՞րբ էիր մեռել,
որ էս գիշեր մեռար։

Որդիներն ու հարսները մի լավ ծիծաղեցին, ինքն էլ, Գալո ապին, քմծիծաղ էր տալիս։

-Հա՛, հա՛, Զանան, էդ էլ մի բան շինեցիր, գցեցիր գեղամեջ, խալխի բերանը։ Ուրիշ
կնանիք իրենց մարդկանց պակասությունները ծածկում են, դու ես, որ ինձ ծաղրում ես։

Դեհ, փորձանք էր էլի՜, եկավ։

-Լավ, լավ, Գալո ջան, ոչ մի տեղ չեմ ասի, մենակ մի մեռելատանը, մի հարսնատանը, մին
էլ շատ-շատ՝ ժամումը։ Հիմի փափախդ տուր մի աղոթեմ, հանգիստ քնիր, տեսնենք էն
անտերն ինչ է եղել, որ փախել է քո ոտների արանքից։ Զանանն առավ Գալոյի փափախն
ու սկսեց բարձր աղոթել․
Աղոթեմ, աղ գողանաս,
Քառասուն ճուտ գողանաս,
Ցածր տեղից պատրաստ կենաս,
Բարձր տեղից վար ընկնես,
Պլոճիկներդ դուրս ընկնենմ
Սև ջուրը գլխիդ լիս ընկնի,
Քանի ջուրը ափին տա,
Քեզ վերցնի տափին տա,
Քանի ջուրը փրփրի,
Միսդ վրեդ քրքրի։
Բոլոր տանեցիք հռհռում էին և իրենց կողմից սրախոսում։

Ճրագը օդայից տարան գոմ, ի՛նչ տեսնեն։ Անպիտան աղվեսը մսուրի մեջ պպզած՝ հավն է
անուշ անում։

Եզները խրատել, կապերը կտրել, բառաչում են։

Հենց որ լույսն աղվեսի աչքին առավ, վախից, թե ինչից՝ թռավ եզան մեջքը։ Է,
մարդու մեջքին որ աղվես լինի, կարո՞ղ է հանգիստ կանգնել, որ եզը հանգիստ կանգներ։

Խեղճը բառաչում էր, վազում էր դես-դեն, ոտով, պոչով, գլխով էր անում։ Էդտեղ նոր
իմացան, որ իրենց հոր, Գալոյի վախեցնողն եղել է էդ անտեր աղվեսը։ Զինվեցին ով
ինչով կարող էր։ Շատվոր տուն, փետավորները՝ շատ։ Տուր որ կտաս աղվեսին, բայց
որտեղի՞ց, աղվեսին հո չէին խփում։ Աղվեսը փախչում էր մեծ գոմից փոքր գոմը, փոքրից
մեծը, թռչում էր էդ եզան վրայից էն եզան վրա, էս կովից էն կովին, էս հորթից են հորթին,
էս ձիուց էն ձիու վրա։

Խչոյենց Գալոյի տղերքն էնքան տվին իրենց տավարին, որի պոզը հանեցին, որի
աչքը քոռացրին, որի կողերը ջարդեցին․ քանի՜ հորթ ու մոզի ոտի տակ գնաց։ Բա
ձենե՞րը, գոմը վերցրել էր։ Էլ խրխնջոց, էլ գոռոց, էլ բառաչոց, մի խոսքով՝ էնպես բան, որ
մարդ չի էլ հավատում, թե էդպես բան պատահած լինի։ Բայց իրողություն է, դեպքը
պատահել է իմ հայրենի գյուղում։

Ճարները կտրվեց, նստեցին, խորհուրդ արին՝ ինչ անեն, որ էդ անտեր աղվեսը
գոմից դուրս գա։ Ասին՝ էլ հնարք չկա էդ անտերի ձեռքից պրծնելու, մեր տավարը
կոտորվեց, մենք էլ ջանահան եղանք։ Բերեք շունը ներս առնենք, գերանդիները շարենք
գոմի դռան առաջ։ Աղվեսը շնից կվախենա, կգա դռնից կփախչի։ Դուրս փախչելիս
գերանդիները կամ վիզը կգցի կամ ոտները։

Լավ էին մտածել, էդպես էլ արին։ Բերին շունը գոմը գցեցին, գոմի դռան մեջ խաչ
ու մաչ շարեցին գերանդիներն ու շունը բաց թողին։ Շունն աղվեսի հոտն առավ, հաչելով
ընկավ գոմի մեջ։ Աղվեսն իրեն հավաքեց, կես հավը բերանում վազեց դեպի դուռը ու մի
ցատկումով թռավ գերանդիների վրայից դեպի դուրս, շունը նրա հետևից, բայց խեղճ
կենդանին ընկավ գերանդուն և ոտը վիրավորեց։ Էդ պրծնելն էր, որ պրծան անպիտան
աղվեսի ձեռքից։

Ճիշտ է՝ աղվեսի ձեռքից պրծան, բայց գյուղի բերանն ընկան, մի այնպիսի բերան,
որից երբեք պրծնել չկա։

Էդ հո վաղուցվա անցած գնացած բան է, բայց «Խչոյենց Գալոյի աղվեսը» առակ է
դառել։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում