ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այնպիսի ընդդիմադիր բառապաշար ունեն, որ մենք էլ ենք «նախանձում». Ա. Բախշյան
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյան ասաց. «Շարունակում եմ «Բարև Հայաստան» շարժմանը հավատարիմ մնալ, հավատալ: Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ալիքը տարածեմ իմ շրջապատի վրա ու թույլ չտամ, որ մարդիկ հուսախաբ լինեն»:
Նա հավելեց, որ շարունակում է վստահել Րաֆֆի Հովհաննիսյանին. «Նրա կրթությունը, կարդացվածության մակարդակը թույլ է տալիս, որ ես հավատամ նրան: Ինքը որպես հայ մարդ ինձ առաջնորդում է այնտեղ, որտեղ ես ուզում եմ: Քանի որ ես լավ չեմ կողմնորոշվում այդ խնդիրներում, գնում եմ իր հետևից»:
Բախշյանը անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հրավիրած հանդիպումանը և ասաց, որ Ր. Հովհաննիսյանն անելու է հայտարարություններ, որոնց մի մասը ինքն էլ է առաջին անգամ լսելու և հավելեց.«Իհարկե, մասնակցել եմ քննարկումներին, եղել են շատ ելույթներ, հիմա տեսնենք, թե ինչպիսի գաղափար կծնվի այդ ամենի հիմքում, որպեսզի կոնսոլիդացվի քաղաքական դաշտը»:
Բախշյան պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը որոշեց հրապարակային հանրահավաքները փոխարինել դահլիճային հանդիպումներով, նա ասաց, որ հիմնական նպատակն այն է, որ քննարկումներ լինեն, իսկ հրապարակում դա հնարավոր չէ:
Ըստ Բախշյանի՝ հնարավոր է, որ այսօր ինչ-որ փաստաթուղթ ընդունվի:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ Բախշյանը ասաց. «ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր այնպիսի ընդդիմադիր բառապաշար ունեն, որ մենք էլ ենք «նախանձում»: Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է’ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Նրանք հավասարապես մեր մրցակիցներն են»:
Նա ասաց, որ ընտրություններից հետո իրենք կհամագործակցեն ցանկացած ուժի հետ, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու շահերին, իսկ քաղաքապետի ընտրության ժամանակ միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ կարող են համագործակցության գալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում