Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նվագախմբից հայտնում են, որ համերգի առաջին մասում կներկայացվեն ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի երկու ստեղծագործություններ` «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանքը, որը նա գրել է 17 տարեկանում, և Մենդելսոնի հանրահայտ Ջութակի կոնցերտը։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա մեծահամբավ ջութակահար Էսթեր Յուն, ով, ի դեպ, նվագում է 1704 թվականին Ստրադիվարիուսի ստեղծած ջութակով, որը երաժշտին տրամադրել է մասնավոր մի կոլեկցիոներ։

Համերգային ծրագրի երկրորդ մասում ընդգրկված են աշխարհի թերևս ամենահայտնի բալետներից մեկի՝ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկից» հատվածներ։

Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության փորձ ունեն։ Մաեստրո Սմբատյանը 2017թ. երկրորդ անգամ է ղեկավարում այս կոլեկտիվը, և ջերմ կապ է ստեղծվել երաժիշտների ու դիրիժորի միջև։

1968թ. հիմնադրված Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ մյուս տարի նշում է իր հոբելյանը՝ 50-ամյակը, այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում՝ ինչպես Մալթայում, այնպես էլ հյուրախաղերով հանդես գալով այլ երկրներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում