Հայ Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հանդիպումը Մայր Աթոռում
Նմանատիպ
Ապրիլի 16-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հերթական հանդիպումը’ համաատենապետությամբ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի, մասնակցությամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանի, Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի: Ժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Նախքան ժողովը հանձնախմբի անդամներին ընդունեց և իր օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը’ հայցելով Տիրոջ զորակցությունը ժողովականներին և մաղթելով արդյունավոր աշխատանք:
Հանձնախումբը քննարկեց և վերջնական տեսքի բերեց Ս. Մկրտության արարողության միասնական տարբերակը, Մկրտության ծեսին առնչված կանոնական հարցերի ուղեցույցը և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը:
Այնուհետև արձանագրվեց, որ Սուրբ Մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ առաքվել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասին’ սահմանված ժամկետում դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Այս առումով հանձնախմբի կողմից որոշվեց սահմանել առաջարկությունների ու դիտողությունների խմբավորման ու քննարկման կարգը և հետագա աշխատանքների ժամանակացույցը:
Նկատի առնելով, որ մկրտության արարողության փաստաթղթերի փաթեթը ներկայացվելու է առաջիկա սեպտեմբերի 23-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Եպիսկոպոսաց ընդհանուր ժողովի քննարկմանը, հանձնախումբը որոշակիացրեց նաև Եպիսկոպոսաց ժողովում փաստաթղթի փաթեթի քննարկման կարգը:
Հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա հունիսի 26-28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում