«Ես այն եմ, ինչ կամ»
Նմանատիպ
Խաչատրյանը` աշխարհահռչակ, բայց միաժամանակ համեստ լինելու մասին
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը միշտ կարեւորում է համերգներին հայ կոմպոզիտորների երկեր կատարելը:
«Առավոտը» Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե իր համար հայ կոմպոզիտորների հատկապես ո՞ր ստեղծագործություններն է այցեքարտային համարում: «Ես միակը չեմ, որ այցեքարտային է համարում Կոմիտասի «Կռունկը»: Ամբողջ աշխարհը ճանաչում է Կոմիտասի «Կռունկը»: Տարբեր երաժիշտներ այն պարբերաբար ներկայացնում են «դրսում»: Դա ոչ միայն հայերի, այլեւ օտարազգիների համար դարձել է սիմվոլային գործ, որը բնորոշում է հայ ժողովրդին, նրա երաժշտությունը, մշակույթը: Միաժամանակ, ես նաեւ համարում եմ, որ քսաներորդ դարի շատ հետաքրքիր երաժշտություն ունենք:
Անձամբ ես շատ եմ սիրում Միրզոյանին, որի գործը օրերս Ժնեւի «Վիկտորիա Հոլում» կատարեցի»,-ասաց մեր զրուցակիցը: Սերգեյ Խաչատրյանին հարցրինք՝ ստեղծագործական վեճեր ունենո՞ւմ են դաշնակահարուհի քրոջ՝ Լուսինեի հետ, որի հետ համերգներով է հանդես գալիս տարբեր բեմերում:
«Երբեմն պատահում է, որովհետեւ երկու տարբեր անձեր ենք եւ ունենք անհատական կարծիքներ` տարբեր հարցերի վերաբերյալ: Իհարկե, լինում է, որ տարբեր հարցերում համաձայն չենք լինում, բայց քանի որ երկուսիս համար էլ կարեւորն ի վերջո երաժշտությունն է, այլ ոչ թե մեր կարծիքն առաջ տանելը, ուստի, այսպես ասած, երաժշտության լավի համար գտնում ենք միասնական լուծում եւ գալիս ընդհանուր հայտարարի»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Իսկ հե՞շտ է լինել հայտնի եւ միաժամանակ համեստ: Ի պատասխան՝ ճանաչված երաժիշտը ժպտալով ասաց. «Չգիտեմ, որովհետեւ ես չեմ մտածում դրա մասին, ես այն եմ, ինչ կամ»:
Մեր դիտարկմանը, որ միշտ հաճելի է իրեն տեսնել Հայաստանում, առաջիկայում որեւէ ծրագիր ունի՞ Հայաստանի հետ կապված, ջութակահարը պատասխանեց. «Այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, բայց մյուս տարի անպայման կլինեմ Հայաստանում` մենահամերգով, ուղղակի դեռ չգիտեմ, թե երբ կկարողանամ «պատուհան» գտնել, որպեսզի իմ համերգների արանքում կարողանամ այցելել Հայաստան ու նվագել հայ ունկնդրի համար, բայց 2018 թ. անպայման համերգ կունենամ, շատ անգամ դա ինքնաբուխ է ստացվում»:
Մեր հարցին` հատկապես Հայաստանի ո՞ր նվագախմբի հետ է նախընտրում հանդես գալ, ո՞ր նվագախմբի հետ է իրեն, այսպես ասած, հարմարավետ զգում, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Ֆիլհարմոնիկի հետ երկար տարիների կապ ունեմ, որովհետեւ իմ առաջին այցելությունը Հայաստան՝ դա 1998 թվականին էր: Դրանից հետո ես գրեթե ամեն տարի եկել եմ Հայաստան, միշտ նվագել եմ ֆիլհարմոնիկի հետ, դեռ Լորիս Ճգնավորյանի ժամանակվանից, հետագայում Էդուարդ Թոփչյանի հետ եմ համագործակցել, այդ առումով իմ ճանապարհը կապվում է ֆիլհարմոնիկի հետ: Վերջին տարիներին էլ Սերգեյ Սմբատյանի ու Երիտասարդական նվագախմբի հետ էլ եմ հանդես գալիս: Մի խոսքով, երկուսի հետ էլ համագործակցում եմ, ինձ հաճելի է իրենց հետ աշխատել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում