Երևանի կրկեսի ապակիները կլինեն վիդեոհոլովակներով, տոմսերի գներն էլ՝ գրպանին հարմար.
Նմանատիպ
Թե երբ իր հանդիսատեսի առջև վերջապես դռները կբացի Երևանի կրկեսը, ղեկավարները դժվարանում են նշել, բայց այն, որ նոր կրկեսը իր որոշ լուծումներով տարածաշրջանում միակն է լինելու, հաստատում են:
Aysor.am-ի հետ կրկեսում կատարած շրջայցի ընթացքում գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ապակեպատ կրկեսի արտաքին տեսքը կգոհացնի բոլորին. լեդ լուսավորություն, մեծ էկրան, կրկեսային թեմայով վիդեոհոլովակներ ու նկարներ:
«Լինելու է ինտերակտիվ զոնա, էկրանի վրա ժամանակ առ ժամանակ կփոխվեն պատկերները: Հսկայական ծախսեր են արվել, որպեսզի կրկեսը ճոխ տեսք ունենա ոչ միայն ներսից, այլև՝ դրսից», – նշեց ինժեները:
Երևանի պետական կրկեսն առավելագույնը 7 բալ սեյսմակայունություն ուներ, նրա տեղում կառուցվող մասնավոր կրկեսը պատրաստ կլինի դիմակայել մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Նախորդի գմբեթի բարձրությունը 18 մետր էր, նորինը՝ 28մ 50սմ, մոտ 1000 ք/մ-ով էլ տարածքի կառուցապատման մակերեսն է ավելացել:
«Փայտե կոնստրուկցիաներով կառուցված գմբեթը տարածաշրջանում միակն է: Այն նստած է 46 մետր տրամագծով թմբուկի վրա՝ ապահովելով ազատ թռիչք: 4 հարկերի փոխարեն ունենք 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր: 1600 հանդիսատեսի փոխարեն արդեն կարող ենք ընդունել 2200-2500 հոգու», – տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը:
Հին կրկեսի հանդիսատեսին առաջնահերթ մեկ հարց էր անհանգստացնում՝ կրկեսի պատերից ներս մշտապես տարածված հոտը: Այդ խնդիրն այս կրկեսում չի լինի. ժամանակակից կառույցն օդափոխության հզոր համակարգ է ունենալու:
Կլինեն նաև ավտոկայանատեղի, շարժասանդուղք, վերելակ, սննդի կետ, հյուրատուն. վերնահարկում տեղակայված սենյակները կտրվեն հյուրախաղերի եկած արտիստներին:
Անդրադառնալով արդեն իսկ մասնավոր կրկեսի տոմսերի գնային քաղաքականությանը՝ կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը նկատեց՝ կրկեսը երեխաների համար է, ներդրողների նպատակը այս կառուցի միջոցով գումար աշխատելը չէ: Ինչպես նա նշեց, մեզ մոտ բարի ավանդույթը կշարունակվի՝ կրկեսում տոմս չեն թանկացնում:
«Չնայած կրկեսն արդեն մի քանի տարի չի գործում, բայց մեր դերասաններն, աշխարհով մեկ սփռված, աշխատում են: Չկա մեկը, ով ազատ լինի: Հայաստանը 3 միլիոն մարդ ունի, որոնցից 2 միլիոն 999 հազարը թատրոնի ու կինոյի դերասան են, բայց կրկեսի դերասանը չի կարող պարապ մնալ: Իհարկե, կան որոշ դերասաններ, որոնք չեն ուզում պրոֆեսիոնալ դառնալ: Գնում կաֆեներում, ռեստորաններում աշխատում են ու ասում՝ կրկեսի դերասան ենք: Ես դա չեմ ընդունում: Շատ քիչ է մնում՝ կունենանք նոր կրկես ու բոլոր դերասանները պարբերաբար ելույթներ կունենան նոր պրոֆեսիոնալ կրկեսում: Հրավերներ կանենք նաև դրսից, մենք էլ, ինչպես միշտ, հյուրախաղերի կմեկնենք», – ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:
Սոս Պետրոսյանի վստահեցմամբ՝ նախկին՝ պետական կարգավիճակում գտնվող կրկեսի զարգացման համար պետությունը ոչ մի լումա չի ներդրել, նույնիսկ արտիստի մեկ կոստյում չի կարվել պետության փողերով, այնինչ, այլ երկրներում կրկեսի զարգացման համար միլիոններ են ներդնում.
«Չնչին գումարներով մենք յոլա ենք գնացել, կրկեսի զարգացման համար Մշակույթի նախարարությունը ոչ մի լումա չի ներդրել, մեր ուժերով աշխատել ենք, նույնիսկ պատերազմի տարիներին չենք դադարեցրել»:
Հեղինակ՝ Նելլի Մարգարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում