Արմեն Մազմանյանն ասում էր՝ կխաղա՛ս, կշարունակե՛ս մասնագիտությունդ. Տիգրան Ներսիսյանի դուստրը՝ բեմից հրաժարվելու և ներկայիս գործունեության մասին

Արմեն Մազմանյանն ասում էր՝ կխաղա՛ս, կշարունակե՛ս մասնագիտությունդ. Տիգրան Ներսիսյանի դուստրը՝ բեմից հրաժարվելու և ներկայիս գործունեության մասին

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». ասում են մեծերը, երբ տեսնում են ծնողների ճանապարհը շարունակող երիտասարդներին: Ներսիսյանների ընտանիքում այս արտահայտությունը շարունակում է արդիական մնալ. նրանք ոչ միայն ժառանգական են դարձրել մասնագիտությունը, այլև հետևողականորեն համալրում են սունդուկյանցիների ընտանիքը:

Մասնագիտությամբ դերասանուհի Անի Ներսիսյանը ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի թոռնուհին է, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի ավագ դուստրը: Սակայն երիտասարդ դերասանուհին արդեն գրեթե մեկ տարի է՝ ստանձնել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պարտավորությունը:

Aysor.am-ը վերջինիս հետ զրուցել է մասնագիտության ընտրության հարցում՝ ծնողների ներգործության, բեմից հրաժարվելու, թատերական ընտանիքում ծագող կոնֆլիկների և մրցակցության մասին

– Անի, ավարտել եք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սակայն այսօր, թեև նույն ոլորտում, բայց այլ գործունեություն եք ծավալում…

– Այո՛, լուսահոգի Արմեն Մազմանյանի ուսանողն եմ եղել։ Մագիստրատուրան ավարտելուց հետո հինգ տարի դասավանդել եմ Թատերական ինստիտուտում, որտեղից դուրս գալուց հետո արդեն մեկ տարի է՝ աշխատում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու։

– Ինչպե՞ս սունդուկյանցիներն ընդունեցին Ձեզ:

– Շատ լավ, որովհետև բոլորն ինձ փոքրուց գիտեն, ես մեծացել եմ այս թատրոնում, թատրոնի կուլիսներում և գրիմանոցներում եմ խաղացել։ Սունդուկյան թատրոնն իմ երկրորդ տունն է։

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին բեմելը: Ի դեպ, հնարավո՞ր է մեկ օր նորից վերադառնաք բեմ:

– Իհարկե, հիշում եմ. առաջին անգամ բեմում եղել եմ ուսանողական տարիներին: Շատ էի հուզվում, որովհետև դահլիճում նստած էին ծնողներս… Գիտեք, կարծում եմ՝ հետագայում այլևս բեմ չեմ բարձրանա, չնայած նրան, որ վարպետս (Արմեն Մազմանյան՝ հեղ.) ասում էր՝ կխաղա՛ս, կշարունակե՛ս մասնագիտությունդ, սխալ քայլ չանե՛ս: Բայց կյանքն այլ կերպ դասավորվեց, ու հիմա թեև բեմում չեմ, բայց սիրով աշխատում եմ ինձ հարազատ դարձած մայր թատրոնում:

– Որպես դերասանուհի առաջին քայլերն անելիս ո՞րն է եղել Ձեր ծնողների գլխավոր խուրհուրդը:

– Ցանկացած քայլ, աշխատանք անելուց առաջ իմ ծնողներն ինձ միշտ խորհուրդ են տալիս լինել ազնիվ, նախ՝ դիմացինի հանդեպ, հետո՝ ինքս իմ հանդեպ, և ամենակարևորը՝ նվիրվել գործին։

– Իսկ խրախուսո՞ւմ, թե՞ Ձեզ հետ էին պահում իրենց ճանապարհն ընտրելու որոշումից:

– (Ծիծաղում է՝ հեղ.) ամեն կերպ աշխատում էին այն ուղղությամբ, որ ես փոխեմ որոշումս և չգնամ թատերական ինստիտուտ՝ սովորելու։ Բայց ես համառ էի իմ որոշման մեջ և այլ մասնագիտություն ուղղակի չէի պատկերացնում։

– Բայց, կարծեք, թե նրանք «հաղթեցին»… Ի դեպ, եթե ոչ թատերական կրթություն, ապա՞…

– Ուղղակի մեր կարծիքները համընկան (ժպտում է՝ հեղ.)… Ինչ վերաբերում է նախասիրությանը՝ երևի երգչուհի, էլի արվեստից ոչ հեռու։ Ասում են՝ լավ եմ երգում (ժպտում է՝ հեղ.):

– Անի, մեծացել եք արտիստների ընտանիքում՝ Բաբկեն և Տիգրան Ներսիսյաններ, Նելլի Խերանյան… Արդյոք հենց դա պատճառ դարձավ, որ ընտրեք դերասանի ճանապարհը:

– Կարծում եմ՝ այո, չէ՞ որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ես թատրոնում եմ մեծացել, մեր տանը միշտ արվեստագետներ են եղել, ես այդ միջավայրում եմ սնվել, աճել և ձևավորվել։ Ոնց էլ պտտվեի՝ արվեստի ճյուղ էի ընտրելու։

– Դա, իհարկե, դրական կողմն է: Բայց այդ ընտանիքի զավակ լինելը Ձեր ոլորտում Ձեզ առավել շատ օգնո՞ւմ, թե՞ խանգարում էր:

– Իհարկե, միշտ խանգարել է, դեռ ուսանողական տարիներից սկսած՝ իմ մեջ միշտ պայքար էր, որ ինձ պիտի ընկալեն որպես ուղղակի Անի, այլ ոչ հայտնի ընտանիքի զավակ։ Շատ պարտավորեցնող է՝ լինել Բաբկեն Ներսիսյանի թոռը։ Բայց, կարծում եմ, պատվով եմ դուրս եկել մինչև այսօր և կշարունակեմ։

– Ձեր կրտսեր քույրիկը՝ Մանեն, ով դեռևս դպրոցական է՝ 14 տարեկան, կողմնորոշվե՞լ է մասնագիտության հարցում:

– (Մտածում է՝ հեղ.) երևի դերասանի մասնագիտությունը չի ընտրի, ցանկություն էլ դեռ չի հայտնել: Մանեն շատ լավ նկարում է և սեր ունի նկարչության և դիզայներության հետ: Մի բան հաստատ է՝ նա ազատ է լինելու իր որոշման մեջ, ինչպես և ես եմ ազատ եղել:

– Երիտասարդ դերասաններն այսօր ձգտում են կինո, հեռուստատեսություն, սերիալներ… Երբևէ նման ձգտում, առաջարկ ունեցե՞լ եք:

– Առաջարկ եղել է, բայց անմիջապես հրաժարվել եմ: Չէ՞ որ իմ բոլոր երազանքները թատրոնի շուրջ են եղել։ Եթե նույնիսկ ընտրելու լինեի այդ ձեր թվարկածներից, միանշանակ, կինոն կընտրեի: Ես կինոյի մեծ սիրահար եմ։

– Համոզված եմ՝ հրաշալի ծանոթ եք խորհրդային շրջանի հայկական ֆիլմերին, որոնց զգալի մասում Ձեր պապիկը ներգրավված է եղել: Նրա մարմնավորած Սայաթ-Նովան՝ համանուն ֆիլմում, մինչ այսօր ամենասիրված կերպարներից է: Ըստ Ձեզ, այսօրվա հայկական ֆիլմարտադրությունը մցունա՞կ է այդ տարիների ֆիլմերի հետ: Կամ, գուցե ավելի՞ն է:

– Միանշանակ, ոչ մի մրցակցություն չի կարող լինել, հիմա հայկական ֆիլմարտադրությունը թույլ վիճակում է, գոնե ես՝ այդպես եմ կարծում: Խորհրդային ժամանակի ֆիլմերը հզոր ֆիլմեր էին։

– Կա՞ վերջին տարիներին նկարահանված որևէ հայկական ֆիլմ, որը սիրով եք դիտում:

– Չէ, վերջին տարիներին նկարված սիրելի ֆիլմ չունեմ (ժպտում է՝ հեղ.):

– Բոլոր բնագավառներում էլ տարաձայնություններ կան: Հետաքրքիր է, երիտասարդ արտիստները որքանո՞վ են հաշտ միմյանց հետ:

– Թատրոնը շատ բարդ երևույթ է, դերասանի մասնագիտությունը՝ ևս: Բնականաբար, կոնֆլիկտներն անխուսափելի են, շատ հաճախ՝ նույնիսկ անհրաժեշտ: Եթե, իհարկե, առողջ կոնֆլիկտ է։

– Անի, Ձեր աչքի առջև ունենալով Ձեր ծնողների ընտանիքը՝ ընտանիք կազմելու հարցի առջև կանգնելիս կընտրե՞ք դերասան ամուսին:

– Իմ ծնողները, իրենց ընտանիքի մոդելը միշտ ինձ համար օրինակ են եղել: Բայց խոստովանեմ՝ երբեք չեմ ցանկացել, որ ամուսինս դերասան լինի: Նույնիսկ խուսափել եմ (ծիծաղում է՝ հեղ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում