Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է իր 80-ամյակը

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է իր 80-ամյակը

Դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կնշվի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80- ամյա հոբելյանը՝ հետաքրքիր համերգային ծրագրով։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց. «Այսպիսի երգչախումբ ունենալը հպարտություն է ցանկացած մարդու համար։

Հպարտությամբ պետք է արձանագրենք այս փաստը, որ ունենք 80-ամյա ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյանի նման փառահեղ ղեկավար»։

Համերգային ծրագրի մանրամասները ներկայացրեց երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը՝ նշելով, որ կներկայանան հետաքրքիր ու ոչ սովորական։

«Չեմ ցանկանում ամբողջը բացահայտել, որպեսզի անակնկալ լինի հանդիսատեսի համար։ Երգչախմբի համար նշանակալի տարի է: Իմ ղեկավարության 67 ընթացքում մեզ բախտ է վիճակվել 866 համերգով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում և երգել 27 լեզվով: Երգչախումբը ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում և այլ քաղաքներում ու միշտ հաղթանակած վերադարձել: Մեր երգչախմբում առողջ ստեղծագործական մթնոլորտ է, հավանաբար դա է պատճառը, որ մենք հաջողությունների ենք հասել»,-նշեց Չեքիջյանը։

Կարգուկանոն սիրող գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է նաև հանդիսատեսը. «Հետաքրքիր է, թե քսաներորդ շարքում նստած ունկնդիրն ինչպես է ընկալում երաժշտությունը»։

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին։ 1961-ից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը: 1969 թվականին երգչախումբն արժանացել է ակադեմիականի կոչման, 1975-ից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում