Ո՞ւմ անունն է հնչեցրել իրենից հետո Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանը

Ո՞ւմ անունն է հնչեցրել իրենից հետո Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանը

Արդեն մեկ ամիս է՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնն իր գործունեությունը շարունակում է առանց գեղարվեստական ղեկավարի: Թե ինչով է պայմանավորված նման դանդաղկոտությունն այս որոշման հարցում, տնօրեն Ֆրեդ Դավթյանը պատասխանեց՝ այժմ թատրոնը շարունակում է Ալեքսանդր Գրիգորյանի գործը, նոր ղեկավարի բացակայությունը թատրոնի աշխատանքին բոլորովին չի խոչընդոտում: Բոլորը գործ ունեն, հանգիստ աշխատում են իրենց ներկայացումների շրջանակներում:

«Բեմադրությունները շարունակվում են, առաջնախաղ ունեցանք, շուտով նաև ամանորյա ներկայացումը կլինի բեմում: Մեր գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը միշտ ասում էր՝ ես կարող է չլինեմ, բայց եթե իմ գործը ապրի, ուրեմն ես իզուր չեմ ապրել: Մենք այդ բառերը շատ լավ ենք հիշում և շարունակում ենք իր աշխատանքը: Այնպես որ, ամեն ինչ արված է, որպեսզի թատրոնն իր գործունեությունը ոչ մի վայրկյան չդադարեցնի», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ֆրեդ Դավթյանը:

Տնօրենի համոզմամբ՝ թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի ընտրությանը կանդրադառնան հաջորդ տարի: Հարցին՝ արդյոք արդեն իսկ կան թեկնածուներ, ո՞ւմ անունն է առավել շրջանառվում Ստանիսլավսկու անվան դրամատիկականի պատերից ներս և որքանո՞վ են հավանական այն խոսակցությունները, որ հնարավոր է՝ գեղարվեստական ղեկավար դառնա նախկին ղեկավարի դուստրը՝ նույն թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Մենք այդ բոլոր հարցերին կանդրադառնանք մի քանի ամիս անց: Մեր թատրոնը հիմա ծանրաբեռնված վիճակում է՝ ներկայացումներ, շրջագայություններ, նաև վերանորոգման աշխատանքներ: Շատ-շատ անուն-ազգանուններ կան, ինչ որ խոսակցություններ, ասեկոսեներ են տարածվում, բայց ես թեկնածուների անուններ բարձրաձայնելու հարցում առայժմ զերծ կմնամ, ժամանակը կգա, թատրոնը կկողմնորոշվի: Տաբերակները բազմազան են, բայց նորից կկրկնվեմ՝ թատրոնն առայժմ շարունակում է Ալեքսանդր Սամսոնիչի գործը»:

Aysor.am-ն՝ իր իսկ հավանական թեկնածու լինելու խոսակցությունների մասին հետաքրքրվեց նաև Նորա Գրիգորյանից: Վերջինս միայն նշեց, որ հայրը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, իր մահից առաջ ժողով է հրավիրել՝ հայտնելով, թե իրենից հետո ում է տեսնում այդ պաշտոնում:

«Հայրս ժողով հրավիրեց, որին ներկա էին մեր թատրոնի տնօրենն ու բոլոր աշխատակիցները: Նա ասաց, որ միայն ինձ է վստահում այդ թատրոնը, պաշտոնը, քանի որ հավատում է ինձ, իմ գաղափարներին, բեմադրական բարձր ճաշակին ու կարգուկանոնին: Բոլորն էլ ծանոթ են իր ցանկություն-խնդրանքին, իր պնդմանը, ու համաձայնություն են տվել: Բայց թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է որոշման հետաձգմանը, կարծում եմ՝ եթե ղեկավարությունն այդպես է գտնում, ուրեմն դրա կարիքը կա», – եզրափակեց Նորա Գրիգորյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում