Մայրենի լեզու
05/12/2017 12:45
Նմանատիպ
Իմ պատուհանից ցնծությունն ասես
Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
Դպրոցից եկել, ա տառն է սերտում:
Ա տառն է գրում մանրիկ մատներով,
Տառեր է շարում խնամքով, սիրով:
Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
Զգացել են այս հրճվանքը մաքուր:
Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
Նման ծլվլուն ծիծառի կանչին,
Հայրենի հողի կենարար շնչին:
Ամեն օջախի կրակն է անշեջ,
Ամե’ն հարկի տակ, ամե’ն սրտի մեջ,
Մեր ժողովրդի ոգին հրկիզուն
Եվ երկու բառով` մայրենի լեզու:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում