Արվեստն ու նորաձևությունը համադրած «Արտույտը» Հայաստանում նոր ուղղություն է զարգացնում

Արվեստն ու նորաձևությունը համադրած «Արտույտը» Հայաստանում նոր ուղղություն է զարգացնում

Աշխարհի տարբեր թանգարաններում ամեն անգամ կտավից կտոր տեղափոխված արվեստի գործ տեսնելիս` Արևիկ Առաքելյանը հիանում և երազում էր դրանց փոխարեն հայկական արվեստը տեսնելու մասին: Մանկուց կերպարվեստի հանդեպ ունեցած սերն ու «Hermes» ընկերության շնորհիվ նորաձևության հանդեպ աճող հետաքրքրությունը գումարվելով` տարիներ անց ծնունդ տվեցին «Արտույտ» ապրանքանիշին:

Արվեստի գործերը շարֆերի վրա արտապատկերելու միջոցով ճանաչելի դարձնելու` արտասահմանում ընդունված պրակտիկան Հայաստան բերելու ուղղությամբ Արևիկը լրջորեն սկսեց մտածել, երբ գաղափարին հավանություն տվեցին ընկերները, առանձնապես` Հովհաննես Պետրոսյանը: Մտքից գործի անցնելու փուլը դժվար էր, բայց հաղթահարելի. «Դժվար էր, քանի որ պետք է զրոյից ապրանք ստանայինք: Երկար ուսումնասիրություններից հետո միայն ստացանք մեր առաջին շարֆը. դա անցած տարվա սեպտեմբերին էր: Շարֆը կոչվում է «Խոստովանություն», քանի որ ստեղծվել է աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի համանուն նկարի հիման վրա: Սկզբում շատերը չէին հավատում, որ որևէ հաջողության կհասնենք, բայց, ինչպես տեսնում եք, մեր գաղափարը ողջունվեց, և այսօր «Արտույտ»-ի հավատարիմ հաճախորդների թիվը գնալով աճում է»:

Միհրան Ավետիսյանը դարձավ առաջին ժամանակակից նկարիչը, ում գործերը տեղ գտան «Արտույտ»-ի շարֆերի վրա: Հեղինակի ընտրությունը պատահական չի արվել: Արևիկն ի սկզբանե որոշել էր` իրենց արտադրած շարֆերը Հայաստանում և Հայաստանից դուրս պետք է ներկայացնեն հայկական ժամանակակից արվեստը. արտասահմանցի արվեստագետներին ոչնչով չզիջող հայ արվեստագետներին գոնե այդպես կճանաչեին. «Մեր կողքին այսօր էլ ապրում ու ստեղծագործում են շնորհալի արվեստագետներ, որոնց մասին, ցավոք, շատերը չգիտեն, չեն ճանաչում: Այդ բացը ինչ-որ կերպ պետք է լրացվի…Միհրանի բազմաթիվ նկարներ տեսել էի Հովհաննեսենց տանն ու հավանել»:

Շուկա մտնելով Միհրան Ավետիսյանի յոթ նկարների արտապատկերմամբ ստեղծված շարֆերով` «Արտույտն» աստիճանաբար հարստացրեց տեսականին: Շուտով հայկական արտադրության շարֆերի վրա հայտնվեցին նաև Կարեն Սմբատյանի ու Տաթև Ղամբարյանի հեղինակած նկարները ու ` ոչ միայն: Ժամանակակից հայկական արվեստով հագեցած գործերի կողքին կամաց-կամաց իրենց տեղը զբաղեցրին թանգարանային նմուշները` կտորի վրա: Հայաստանում թանգարանային-հուշանվերային խանութ-սրահների զարգացման համար նախադրյալներ կային, նախաձեռնող չկար, Արևիկ Առաքելյանն էլ որոշեց`  «Արտույտ»-ն օրինակ կծառայի. «Առաջինը Մատենադարանի հետ սկսեցինք աշխատել: Դիմեցինք Հրաչյա Թամրազյանին, և նա մեծ ոգևությամբ ընդունեց առաջարկը: Բնականաբար ներկայացված գործերը վերաբերում են միայն այնտեղ պահվող ձեռագրերին: Մեր շարֆերի վրա արտապատկերում ենք 12-16-րդ դարերից մնացած մատյանների պատյաններին քանդակված զարդանախշերն ու թռչնատառերը»:

«Արտույտ»-ի թանգարանային ուղղության երկրորդ հանգրվանը դարձավ Երվանդ Քոչարի թանգարանը, երրորդը` Սերգեյ Փարաջանովի: Հենց այս` վերջին համագործացությունը «Արտույտ»-ի համար շատ նշանակալի դարձավ: Փարաջանովյան շնչով հագեցած «Արտույտ»-ը «հասավ» Իտալիա: Սերգեյ Փարաջանովի նախապես ընտրված հինգ կոլաժներով հայկական արտադրության շարֆերն ամիսներ առաջ ցուցադրվեցին Միլանում կայացած 2018թ. գարուն-ամառ նորաձևության շաբաթվա շրջանակում: «Մենք պետք է բարձրագույն որակի ապրանք ներկայացնեինք, ուստի և որոշեցինք ցուցադրության ներկայացվելիք շարֆերի համար ընտրել լավագույն մետաքսը` «silk-twill», որն օգտագործում է «Hermes» ընկերությունը և հենց այնտեղ` Իտալիայում էլ, կազմակերպեցինք արտադրությունը: Ցուցադրված բոլոր նմուշներն արտադրվել են «Moschino» ընկերության մատակարար ընկերություններից մեկում»,-նորաձևության աշխարհի կարևոր իրադարձություններից մեկին իրենց մասնակցության մասին ոգևությամբ է պատմում «Արտույտ»-ի հիմնադիր -տնօրենը:

Կոլեկցիոն շարֆերը սահմանափակ քանակությամբ հասանելի են ինչպես Երևանում ու Միլանում, այնպես էլ` աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստասերներին: Վերջերս գործարկված artuyt.com կայքում տեղադրված բոլոր նմուշները, հիմնադիր-տնօրենի խոսքով, կարող են առաքվել աշխարհի ցանկացած կետ: Թեկուզ արտաքին շուկա դուրս գալու ավանդական եղանակը մի քանի երկրներում` Ավստրիա, Չեխիա և այլն, գործում է, բայց 21-րդ դարում օնլայն վաճառքն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում թե´ վաճառողին, թե´ գնորդին:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում