Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայտ են ներկայացրել 14 կազմակերպություններ

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել տեղական հասարակական տասնչորս կազմակերպություններ’ շուրջ 1900 դիտորդով, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Դիտորդների հավատարմագրման համար ամենամեծ թվով հայտեր է ներկայացրել «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»’ 1020 դիտորդ:

Հայտ են ներկայացրել նաև «Հարմոնիա» կազմակերպությունը’ 100 դիտորդ, «Ընտրական համակարգեր կենտրոնը»’ 60, «Իրավակիրթ հասարակությունը»’ 50, «Երիտասարդ ակումբների դաշնությունը»’ 38 դիտորդ, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ունիսոնը»’ 7 դիտորդ, «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական կենտրոնը»’ 9 դիտորդ, «Արմավիրի զարգացման կենտրոնը»’ 68 դիտորդ,

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն’ 94 դիտորդ, «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիան»’ 32 դիտորդ, «Տարածքային զարգացումների և հետազոտությունների կենտրոնը»’ 120 դիտորդ, «Համաչափ զարգացում համայնքային զարգացումը»’ 129 դիտորդ, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակությունը»’ 60 դիտորդ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդը»’ 90 դիտորդ:

Դիտորդների հավատարմագրումը կիրականացվի մինչև ապրիլի 25-ը: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի համար:

Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում