Ինձ հպարտ եւ պարտավորված եմ զգում, քանի որ միշտ իմացել եմ ում ազգանունն եմ կրում. Ասպրամ Կրպեյան

Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա դուստրը’ Ասպրամ Կրպեյանը, նշեց, որ ինքը 1 տարեկան է եղել, երբ հայրը զոհվել է, սակայն մինչ օրս երբեւէ չի զգացել նրա բացակայությունը.«Ես անընդհատ զրուցում եմ նրա հետ եւ իմ բոլոր որոշումները ընդունում’ հաշվի առնելով այն, թե նա ինչ կարծիք կունենար այդ մասին: Մայրս ինձ այնպես է խնամել, որ ես երբեւէ անհայր մեծացող երեխայի հոգեբանությունը չեմ ունեցել: Ավելին’ ես ինձ հպարտ եւ պարտավորված եմ զգում, քանի որ միշտ իմացել եմ’ ում ազգանունն եմ կրում եւ ուր եմ գնում»:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ազգային հերոսի մարտական ընկեր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը (Պավլիկ Մանուկյան) ասաց. «Թաթուլ Կրպեյանն այն մարդն էր, ազգային հերոսը, ով արժանի է դասվելու նաև սրբերի շարքին»:

«Ես դեսանտային զորամասերում զգացի, թե որքան եմ զիջում նրան իմ պատրաստվածությամբ: Նրա ամեն ինչը ազգային էր, միևնույն ժամանակ նա խստապահանջ էր ինքը իր հանդեպ: Նա ժողովրդի համար սիրելի էր, տիրապետում էր կառավարման համակարգին: Թաթուլին բոլորն էին սիրով ենթարկվում»,- ասաց նա, նշելով, որ չափազանց դժվար էր հսկել Գետաշենի նման պատասխանատու վայրը, բայց «հսկելով Գետաշենը’ Կրպեյանը միաժամանակ ուսուցչություն է արել դպրոցում»:

Աուլիսի մյուս բանախոս՝ Կրպեյանի մարտական ընկեր, լիբանանահայ Սիմոն Գաֆալեանն իր հերթին ևս առանձնացրեց Ազգային հերոսի թե մարդկային և թե մարտական ունակությունները:

«Ազգային ոգով օժտված մարդ էր Թաթուլը, ում օրինակներով պետք է մեծանան երեխաները, ոչ թե հայկական սերիալներով: Նրա նման կերպարները պետք է լինեն երեխաների դաստիարակիչ օրինակները: Ես շարունակում եմ մինչ օրս հպարտանալ Կրպեյանի ուժով և կամքով», – ասաց Գաֆալեանը:

Նշենք, որ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիսը եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Կրպեյանը քաջի մահով ընկավ 1991թ. ապրիլի 30-ին’ «Օղակ» գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին ետմահու արժանացել է Հ Հ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլի աճյունը գտնվում է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում