ՕԵԿ-ին միավորվեց «Նոր Հայաստան» չգրանցված կուսակցությանը

Այսօր «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» չգրանցված կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում էր «Օրինաց երկիր» կուսակցության հետ միավորման հարցը:

Համագումարին ներկա էին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Համագումարի որոշմամբ՝ «Նոր Հայաստան» կուսակցությունը միավորվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը:

«Նոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Մաքսինֆո» լրատվական կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը նշեց, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը մերժել է գրանցել «Նոր Հայաստան» կուսակցությունը, սակայն դա պատճառ չէ ընկճվելու համար, և երիտասարդներից բաղկացած իրենց թիմը հաստատակամ է շարունակել քաղաքական գործունեությունը:

Բ. Հարությունյանը տեղեկացրեց.««Նոր Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի հենքի վրա, և մինչ արդարադատության նախարարությունը մտորումների մեջ էր գրանցել կուսակցությունը, թե ոչ, «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն եվրասիական տեղեկատվական կենտրոն ստեղծելու առաջարկով դիմեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Ի պատիվ պարոն Բաղդասարյանի՝ կենտրոնի ստեղծումը ընթացքի մեջ է: Արթուր Բաղդասարյանը մեզ առաջարկեց քաղաքական գործունեությունը շարունակել «Օրինաց երկիր» կուսակցության հետ համատեղ»:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ասաց, որ Կուսակցության ցանկությունը միանալ «Օրինաց երկիր» կուսակցությանը դիտարկվում է որպես կամքի արտահայտություն՝ կառուցելու օրինաց երկիր:

Շահգելդյանը նաև ավելացրեց, որ պետք է հնարավորություն տրվի երիտասարդներին քաղաքակիրթ քաղաքական պայքարով հարթել ճանապարհ դեպի մի ապագա, որտեղ իրենք ուզում են իրենց տեսնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում