Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»
Նմանատիպ
Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
«Ամեն բան անելու ենք լավագույն կենտրոն ունենալու համար: Այն լինելու է ցերեկային խնամքի կենտրոն, որի նպատակը պետք է լինի սոցիալապես խոցելի, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների, ընտանիքների հետ աշխատելը: Օրինակ՝ ամուսնալուծված ընտանիքի, ընտանիքում բռնության ենթարկված երեխաներ: Աջակցությունը, հոգեբանական ծառայությունն ուղղված են լինելու ընտանիքին: Մեր բուն նպատակն առանձին երեխային, ընտանիքի կնոջը կամ ամուսնուն օգնելը չէ: Մենք աշխատանքն ընկալում ենք ընդհանուր ընտանիքի մեջ: Երբեք չենք կարող ընկալել այն մոտեցումը, թե ինչպես կարող ենք միայն օգնել բռնության ենթարկված երեխային: Այդ բռնություն գործադրողին էլ պետք է օգնել, որ այդ ներդաշնակությունը լինի»,-ասաց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Նրա խոսքով՝ նման կենտրոնի անհրաժեշտությունը կա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակ դիմող անձանց շրջանում շատ են դեպքերը, երբ կան երեխաներ, որոնք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած` հոգեբանական, սոցիալական և այլն: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրների մեծ մասը կապված է ընտանիքների հետ:
Կենտրոնը սկզբնական շրջանում աջակցություն կցուցաբերի 25-30 երեխայի: Հնարավորությունների դեպքում աջակցություն կցուցաբերվի առավել մեծ թվով երեխաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում