Առակ կյանքի մասին

Առակ կյանքի մասին

«ՈՒԺԵՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒԼԱՆԱԼ ՈՒ ՏԿԱՐԱՆԱԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՆՈՒՐԲ ՈՒ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴԻԿ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ»

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:

Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:

Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.

-Ի՞նչ է փոխվել:

– Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, – պատասխանում է աղջիկը:

– Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն:

Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ` եռացող ջրի մեջ…

Շարուակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի ուժեղ…»:

-Իսկ սո՞ւրճը, – զարմացած հետաքրքրվում է դուստրը:

– Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը եւ ոչինչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ եւ գիտելիքներ, – դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի պատասխանը:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Սամվել սարկավագ Մկրտչյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում