«Բարեւ Երեւան» դաշինքի հանդիպումն Աջափնյակ համայնքի բնակիչների հետ

Ապրիլի 21-ին «Բարեւ Երեւան» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Աջափնյակ համայնքի բնակիչների հետ:

Դաշինքում ընդգրկված «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը կոչ արեց բնակիչներին ավագանի ընտրել սրտի կամոք.

«Մարդիկ խոսում են, որ ամեն ինչ արդեն որոշված է, ընտրողն ընտրված է, եւ ձայն տալն էական չէ: Ասում են, որ չենք կարող չընտրենք, որովհետեւ պրոբլեմ կունենանք: Բայց հիշեք որեւէ դեպք, թեկուզ ոչ հրապարակային, թեկուզ որ լսել եք մի հարեւանից, բարեկամից, մի դեպք հիշեք, որ վերցրել են գումար, խոստացել են, որ ձայնը կտան «ա» կուսակցությանը, բայց քվեարկել է իր սրտի կամոք եւ արդյունքում պատժվել է: Չկա այդպիսի մեխանիզմ»,-նշեց նա:

Ավագանու ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով «Բարեւ Երեւան» դաշինքի ծրագրերին ասաց. «Պատկերացրեք մի Երեւան, որտեղ ասֆալտը 15 տարի մնում է ասֆալտ եւ ոչ թե տարին մեկ փոսեր են առաջանում եւ հետո փողեր լվացվում ասֆալտի փոսերը ծածկելու: Պատկերացրեք մի Երեւան, ուր քաղաքացին կռացած չի երթեւեկում Տարոն Մարգարյանի, Գալուստ Սահակյանի եւ մյուսների երթուղայիններում, այլ արժանապատիվ տրանսպորտով է երթեւեկում, որոշ խավերի մի մասը երթեւեկում է անվճար, թոշակառուների մի մասը երթեւեկում են անվճար, ազատամարտիկները երթեւեկում են անվճար»:

Վերջինս խոսեց նաև 16-րդ թաղամասը Դավիթաշենի կամրջին միացնելու և նոր ճանապարհի ստեղծման և այլնի մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում