Երաժշտական դպրոցների վարձերը հնարավոր է թանկանան
Նմանատիպ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական եւ արվեստի դպրոցների սաների ծնողները խուճապի մեջ են: Նրանց տեղեկացրել են, որ հունվարի 1-ից վարձերը բարձրանալու են:
Aravot.am-ին դիմած երեխայի ծնողը, որի անունն իր խնդրանքով չենք նշում, Երեւանի հարակից մարզից է: Կոնկրետ նրան երաժշտական դպրոցում պարզաբանել են, որ յուրաքանչյուր երեխայի վրա պետությունը ծախսում է 25000 դրամ, որի մի մասը փոխհատուցում է Երեւանի քաղաքապետարանը, ինչի արդյունքում ծնողները մինչ այժմ վճարում էին 7000 դրամ: Եվ ըստ ծնողի, հունվարից վարձը բարձրանալու է 1000 դրամով` երեւանաբնակների համար, իսկ մարզաբնակները ստիպված են լինելու վճարել 17000 դրամ: Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանն ասաց, որ վարձերի բարձրացման հետ դպրոցները կապ չունեն, որոշողը Երեւանի քաղաքապետարանն է:
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցից Շուշան անունով հաշվետարը եւս նման մեկնաբանություն արեց. «Որոշում կայացնում է քաղաքապետարանը, որոշումն այս պահին կայացված չէ, թե ինչ կլինի,կտեղեկանանք միայն դեկտեմբերի 20-ից: Ամեն դեպքում, տնօրենը չի որոշում` գինը կփոփոխվի՞, թե ոչ: Որոշում է քաղաքապետարանը»:
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ հարցը դեռեւս չի մտել օրակարգ, դեռ բուռն քննարկման փուլում է, եւ թվերի եւ որոշում կայացնելու առումով ամեն ինչ ենթակա է փոփոխման: «Մենք քննարկումներ ենք ունեցել տնօրենների հետ, որ զգուշացնեն ծնողներին, որպեսզի միանգամից անակնկալի չգան»,-ասաց փոխքաղաքապետը:
Արամ Սուքիասյանի խոսքերով վարձերի բարձրացումը պայմանավորված է Տուրքի մասին նոր օրենքով. «Նույն գործիքը տարբեր դպրոցներում տարբեր արժեքների էր, այժմ ամեն ինչ համահավասարեցվում է, ինչը չի նշանակում բարձրացում, օրինակ, կիթառի դեպքում 12000 դրամ էր, տեղ կա 6000, այժմ հավասարեցվում է արժեքը: Ներկայումս առաջարկ է ներկայացվում ավագանու քննարկմանը, որ բոլոր դպրոցներում մասնագիտական առարկաները լինեն 8000 դրամ: Դա առաջին տպավորությամբ նաեւ սոցիալական բարդություններ է առաջացնում, բայց մենք սոցիալապես անապահով ընտանիքների համար ունենալու ենք 800 տեղ: Դիմումատուներ կլինեն, որոնց սոցիալական կարգավիճակով պայմանավորված, տվյալ տարվա վարձավճարը կհոգա քաղաքապետարանը»,-ասաց քաղաքապետի տեղակալը: Նաեւ հավելեց, որ 17500 դրամը յուրաքանչյուր աշակերտի վրա ընդհանուր ծախսն է. «Պարզապես մնացյալը հոգում է քաղաքապետարանը, իսկ մյուս մասը` երեխայի խնամքով զբաղվողը: Ինչ վերաբերվում է մարզաբնակներին, նրանք ավել են վճարելու, որովհետեւ քաղաքից, քաղաքացիների հարկերից, տուրքերից գոյացած բյուջեով օրենքով իրավունք չունենք ծախս անելու այլ համայնքի բնակչին ծառայություն մատուցելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում