ՀԱԿ-ի անցած ճանապարհը սխալ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար. Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի իր ֆեյսբուկյան էջում գրառում է թողել  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Գրանռման մեջ փոխգնդապետը նշում է, որ Հովհաննիսյանը կրկնում է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները:

Գրառման մեջ նշված է.

ՀԱԿ-ի անցած ճանապարհը վառ օրինակ էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար եւ նա պետք է նրանց սխալներից, բացթողումներից դասեր քաղեր: Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց նույն ճանապարհը, նույն ճանապարհի պարզունակ կրկնօրինակը, ենթարկվելով ՀԱԿ-ի ձախողված բեկորների, մի քանի արկածախնդիրների կյանքում քննություն չբռնած, ի սկզբանե ձախողման տանող առաջարկներին: Նրա քաղաքական անփորձությունից, մարդկային ազնիվ, բայց հակասական, անհավասարակշիռ ու նաեւ ստեղծված իրավիճակից անակնկալի եկած ու շփոթված կարգավիճակից փորձեցին օգտվել եւ օգտվեցին, նրան եւ իր շարժումը իրենց վարկանիշը բարձրացնելուն ծառայեցրին մի քանի այլ կուսակցություններ…

Եղավ այն, ինչ պետք է լիներ, ստեղծվեց պատային իրավիճակ, որը տարավ ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի ոստիկանական պատին…

Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ փորձեց անել վերջերս, «Անի» հյուրանոցի իր համաժողովում, պետք է աներ ավելի վաղ’ ԿՀԸ-ի պաշտոնական տվյալների հրապարակումից հետո: Նա պետք է դներ նոր գեղեցիկ ավանդույթի հիմնաքարը, պետք է շնորհավորեր վերընտրված ՀՀ Նախագահին եւ հանդես գար ծրագրային ելույթով, լծվեր ընդիմադիր լուրջ քաղաքական շարժման ձեւավորմանը: Նոր քաղաքական կառույցի հիմնադրմանը’ լուրջ ծրագրերով, մարզային կառույցներով, մարտավարական եւ հեռանկարային տեսլականով…

Սակայն, ակնհայտ զգացվում էր, որ նա բացարձակ պատրաստ չէր նման զարգացումների եւ անակնկալի եկած, շփոթված ստեղծված իրավիճակից, կողքից հնչող ոչ իրատեսական գնահատականներից, կատարեց ոչ ադեկվատ քայլեր, թույլ տվեց սխալներ, որոնք հանգեցրին նրան, ինչին ականատես եղանք:

Այս ամենը միաժամանակ բացահայտեցին Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի կերպարը, ցույց տվեցին, որ նա այն անձը, այն քաղաքական գործիչը չէ, որ պատրաստ է ու կարող է ղեկավարել նման լուրջ շարժում: Ցավոք, այդ շարժման ներուժը նույնպես ձեւավորված չէ եւ նրա կողքը չկան այնպիսի քաղաքական գործիչներ, անհատականություններ, որոնք կարող են լրացնել նրան կամ օգնել…

Եվ ինչ?… Այն, որ սա հերթական քաղաքական թիթեռն է մեր հասարակական-քաղաքական դաշտում, հերթական շարժումը’ ընդամենը…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում