Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

Նյու Յորքում 2018թ. կայանալիք «Գրեմմի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացված է Հայաստանն իր երկու արվեստագետներով: Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է 2 անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Ներկայացված է նաեւ կոմպոզիտորի պրոդյուսերը՝ Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր՝ դասական ոճում»: Կոնստանտին Օրբելյանը եւ վաղամեռիկ աշխարհահռչակ օպերային բաս Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» CD-ով:

Մաեստրո Օրբելյանը տենոր Լոուրենս Բրաունլիի հետ առաջադրված է եղել նաեւ 2015թ.: Հետաքրքրությանը՝ ինչքանո՞վ եք վստահ, որ այս անգամ կհաղթեք, թեպետ ասում են, որ «Գրեմմիին» առաջադրվելն արդեն մեծ նվաճում է, պարոն Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի առաջադրվող, այդ թվում նաեւ ես, չի կարող կանխատեսել: Մնում է ասել՝ Աստված մեզ հետ»: Երաժշտարվեստի այս «Օսկարը» տարբեր տարիների նվաճել են մեր հայրենակիցներ՝ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում