Վ.Գասպարին պահանջում է քրեական գործ հարուցել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությանը՝ Ա. Միրզոյանին

ՄԻՊ Կ. Անդրիասյանին

ՀՀ քաղաքացի՝ Վարդգես Գասպարիից

Դեմիրճյան 17 շենք, բնակ. 1

Հաղորդագրություն հանցագործության մասին

Ս/թ ապրիլի 20-ին՝ առավոտյան ժամը 8:30-ին, Թումանյան փողոցի սկզբնամասում ոստիկանապետ Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնած իմ պաստառով հասարակությանը իրազեկում էի ՀՀ ոստիկանության ապօրինությունների, մասնավորապես Գ. Վիրաբյանին խոշտանգելու եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ կայացրածվճռի մասին:

Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը… քանի որ իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ ուզում են ինձ բերման ենթարկել, բնականաբար, ես չընդունեցի իրենց հրավերը: Նրանք հարկադրանքի կիրառմամբ, արդեն պառկած վիճակում, ինձ տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փող.). բարձրացրին ( երեւի վերջին հարկ ) ոստիկանապետ Վ. Գասպարյանի մոտ, եւ միջանցքում ինձ դրեցին հատակին՝ հորդորելով, որ ելնեմ պառկած վիճակից… Արդեն սենյակից դուրս եկավ Գասպարյանը: Նախ քաղաքավարի հրավիրեց ինձ իր սենյակ «զրուցելու»… (արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստցրել էին աթոռին)…

Ես հարցրեցի՝ ինչ կարգավիճակով եմ գտնվում այստեղ: Ոստիկանապետը պատասխանեց, որ ինքն է իր մոտ հրավիրել: Կրկին ինձ առաջարկեց զրուցել իրեն հետ, նայել իր դեմքին եւ լսել իրեն:

Չստանալով ինձանից ոչ մի պատասխան՝ աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու, ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտակայքում ակցիա չանեմ… ասաց, որ ակցիա անելու դեպքում, դա կդիտարկի անձնական հարց, եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը: Գասպարյանը շարունակելով զգուշացնելը եւ սպառնալիքները իմ եւ իմ ընտանիքի հասցեին, հարցրեց, որ ես ինչ եմ արել այս երկրի համար… ասաց, որ իմ պայքարի եղանակը ճիշտ չի եւ այլն… ավելացրեց, որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար, եւ որ թույլ չի տա իր ընտանիքը երբեւէ լսի որեւէ բան, որ կխաթարի իր բնորոշմամբ՝ իրեն անբիծ նկարագիրը: Կրկին շարունակելով զգուշացումներն ու սպառնալիքները՝ մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճի՞շտ եմ հասկացել, հարցրեց’ պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան՝ ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ:

Մի քանի րոպե տեւած այդ տեսարանից հետո, եւ դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք, կարգադրեց’ «Էստեղից սրան տարե՛ք»:

Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել, ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:

Այս պահին էր, որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին… իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան… Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տալիս էր սպառնալիքները’ «քեզ կգլխատեմ», «ոսկորներդ փոշի կանեմ» եւ այլ սպառնալիքներ: Ոսիկանապետը հանդգնեց նաեւ թքել ինձ վրա… Ինձ անվանել սատանա եւ այլն…

Այդ ժամանակ արդեն ոստիկանապետի ենթակաները ինձ իջեցրին հարկերով (քանի որ բարձրանալիս վերելակը փչացել էր)… մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում…հետո նստցրին մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին ինձ՝ վերադարձնելով նախօրոք ինձանից առգրավված իմ երկու բջջային հեռախոսները, դրամապանակը , եւ մեկ հատ պտուտակիչ…

Ավելացնում եմ,որ ոստիկանապետի պահվածքը, զգուշացնելը, սպառնալը, նույնիսկ շարժ ու ձեւը, խոսելը եւ ժեստերը չափազանց նման էին Նուբարաշեն ՔԿՀ-ում իմ տեսած գողական թափթփուկներին:

Ավելացնում եմ նաեւ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչ–որ չափով ազդել էին, որովհետև ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար’ ձեռքերս – ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքերով:

Պահանջում եմ հարուցել քրեական գործ՝

ա- ապօրինաբար ազատությունից զրկելու.

բ- իմ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու.

գ- սադրիչ գործողություններով ինձ ընդհարման հրահրելու.

դ- իմ եւ իմ ընտանիքի կյանքի եւ առողջությանը վնասելու, նաեւ սպանության սպառնալիք տալու.

ե- իմ խաղաղ ցույցը խափանելու. խոսքի ազատությանը խոչնդոտելու կապակցությամբ:

Առանձնապես -ե- կետի կապակցությամբ ընդգծում եմ՝ պետական պաշտոնատար անձ ՀՀ ոստիկանապետը փորձել է իր կարծիքը եւ գաղափարները ինձ պարտադրել, որը ոչ այլ ինչ է, քան մտքի եւ խղճի ազատությանը բռնանալը, ինչը արգելված է Եվրոպական կոնվենցիայով, որը հանդիսանում էՀՀ օրենսդրության անբաժան մասը:

Վերոհիշյալի կապակցությամբ, հաշվի առնելով , որ ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, ՀՔԾ եւայլ պետական մարմինները հաճախ աշխատում են, որպես միեւնույն հանցավոր կառույցի ենթակառույցներ,

Հանցագործության մասին հաղորդումները ըստ էության չքննելով, բավարարվում են նշել, որ կատարված հանցագործության մասին տվյալներ չեն հայտնաբերվել, ուստի ձեր հնարավոր եւ հավանական անօրինական գործողությունները սահմանափակելու նակտառումով շարադրում եմ հարցերի այն շրջանակը, որոնց վրա էլ հրավիրում եմ ձեր ուշադրությունը.

1-Արդյոք ս/թ ապրիլի 20-ին՝ առավոտյան ժամը 8:30-ին, Թումանյան փողոցի սկզբնամասից Վ. Գասպարին ոստիկանության կողմից բերման ենթարկվե՞լ է, թե ոչ:

2- Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ Գասպարին հարկադրանքի կիրառմամբ ձեռքերը եւ ոտքերը բռնած դրել են ոստիկանության սեւ գույնի ջիպի մեջ:

3-Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ ոստիկանության շենքում (Նալբանդյան փողոց) Գասպարին եւ նրան ուղեկցող 4 ոստիկաններ մոտ կես ժամ մնացել են վերելակում, այն ծանրաբեռնված լինելու եւ վթարային վիճակում հայտնվելու պատճառով:

4-Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են վերը շարադրված իմ պնդումները ոստիկանապետ Վ. Գասպարյանի մասին:

5- Ի՞նչ հիմնավորմամբ եմ ես զրկվել ազատությունից, ինչու ինձ չի ասվել՝ ինչ կասկածանքով եմ բերման ենթարկվում:

6-Արդյոք ոստիկանության կենտրոնատեղի տանելուց, համապատասխան գրանցամատյանում կատարվե՞լ է համապատասխան գրառում իմ մուտքի եւ ելքի կապակցությամբ:

7- Արդյոք բերման ենթարկելու մասին կազմվե՞լ է արձանագրություն, եթե այո, ապա դա ինչո՞ւ չի ներկայացվել ինձ:

Դիմող՝ Վ. Լ. Գասպարի

Հետևեք մեզ նաև Telegram-ում