Գուրգեն Եղիազարյան. Առաջարկում եմ գտնել Պ. Հայրիկյանի վիրաբույժին եւ դատի տալ

«Առաջարկում եմ գտնել Պ. Հայրիկյանի վիրաբույժին եւ դատի տալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պարույր Հայրիկյանի վիրահատության հարցին, ասաց ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինիս պնդմամբ այդ բժշկի պատճառով բյուջեն տուժել է 50 հազար դոլարով։

«Եթե մի հատ գնդակ չկարողացավ մարմնի միջից հանել, այն դեպքում, երբ ոչ մի օրգան չէր վնասել, չկարողացավ այնպես հանել, որ հետու իմ բյուջեից հիսուն հազար դոլար չտան, տանեն եվրոպաներում վիրահատեն։ Այդ վիրահատության պատճառով մեր բյուջեն տուժեց 50 հազար դոլարով, իսկ էդ գումարով ինչքան ծերերի կարող էինք դեղ տալ, երեխաների բուժել»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ. նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում