«Լեռնային պար» քանդակախումբը կարող է միայն վերկանգնել արձանի հեղինակը

«Լեռնային պար» արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանը պատրաստ է վերականգնել այն, բայց գտնում է, որ վնասը պետք է փոխհատուցի պետությունը և «Դվին» հյուրանոցի սեփականատերը: Այսօրվա ասուլիսի ժամանակ արձանախմբի հեղինակը նշեց, որ արձանը չունի էսքիս, և եթե նա անձամբ չհասցնի այն վերականգնել, ապա այլևս դա հնարավոր չէ լինելու անել:

Քանդակագործը նաև նշեց, որ իր համար անընդունելի է «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ ներկայացուցիչների հայտարարությունները, թե պատրաստ են տրամադրել 1 միլիոն դրամ, ինչով անհնար է վերականգնել արձանը, քանի որ միայն հումքը’ պղինձը գնելու ահմար ավելի շատ գումար է հարկավոր:

Ըստ քանդակագործի’ արձանի վերականգնման համար իրավաբանորեն պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը և «Դվին» հյուրանոցը, և, ըստ այդմ, եթե կրած վնասը չփոխհատուցի մեկը, ապա պետք է անի մյուսը, քանի որ այն հանրային սեփականություն է, որը գտնվում էր պետության պաշտպանության տակ’ մասնավոր սեփականության գոտիում:

Տիգրան Արզումանյանի խոսքով, արձանի վերականգնումն ունի նաև հայրենասիրական և բարոյահոգեբանական մեծ նշանակություն, քանի որ հենց այստեղ էին ժամանակին երդվում և Արցախ մեկնում կամավորական ջոկատները: «Սա միայն ազգագրական պար չէ, այլ մի խորհրդանիշ: Այն խորհրդային տարիներին’ 1984 թվականին տեղադրվեց մեծ դժվարությամբ: Մինչ այդ նման խմբաքանդակ Հայաստանում չէր թույլատրվում տեղադրել: Այն սկզբում պետք է լիներ բրոնզից, բայց հետո թույլատրեցին պղնձից: 90-ական թվականներին, երբ հյուրանոցը սեփականաշնորհվեց, այն պետք է տեղափոխվեր, սակայն դա այնպես էլ տեղի չունեցավ», – ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում