Վ. Օսկանյանի պահանջը Գագիկ Ծառուկյանին

Սուրեն Սուրենյանց

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի և հանրապետականների ֆեյսբուքյան փոխհրաձգությունը դարձել է մեր քաղաքական մշակույթի անքակտելի մասը:
Բայց այսօրվա դեպքն ուրիշ է, որովհետև Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը ֆեյսբուքյան իր էջում՝ ոչ այնքան իշխանությանն է քննադատել, կամ հասարակության ուշադրությունը հրավիրել է կոնկրետ դեպքի վրա, այլ՝ մեսիջ է հասցեագրել իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Եթե ավելի անկեղծ, ապա ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանը Ծառուկյանին դրել է երկընտրանքի առաջ: Մի անգամ նա արդեն նման մարտավարություն կիրառել է՝ ոչ վաղ անցյալում: Նախագահական ընտրությունների մեկնարկից առաջ՝ նա կարևորել էր ԲՀԿ մասնակցությունն այդ ընտրություններին՝ Ծառուկյանի կամ իր դեմքով: Այդ օրերին նաև հենց ֆեյսբուքյան այդ գրառումը նպաստեց հանրային կարծիքի ձևավորմանը, որ ԲՀԿ-ն հակադրվելու է նախագահ Սարգսյանին:

ԲՀԿ առաջնորդը չառաջադրվեց, նույնը չթույլատրեց անել նաև Օսկանյանին: Վերջինս ընկճված էր, տխուր, սակայն հակադրվել չկարողացավ: Արդյունքում՝ տուժեց ԲՀԿ վարկանիշը:

Արդ, այսօր ԱԳ նախկին նախարարը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»: Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»:
Քաղաքագիտական առումով՝ ամեն բան անթերի է. եթե իշխանություն չես, ընդդիմություն ես: Սա նույնիսկ աքսիոմա է, և արդեն մեկ տարի է՝ ԲՀԿ «ուղեղները» ճգնում, սակայն չեն կարողանում բացատրել՝ ի՞նչ ասել է այլընտրանք:

Բանն այն է, սակայն, որ պարոն Օսկանյանի մոտ պակասում է անկեղծությունը:
Ինչո՞ւ ԲՀԿ-ն 2012-ի աշնանային նստաշրջանում չհայտարարեց, որ ընդդիմություն է, մանավանդ որ՝ առջևում երկրի գլխավոր քաղաքական իրադարձություններն էին: Կամ ինչո՞ւ դա տեղի չունեցավ ընթացող գարնանային նստաշրջանի մեկնարկին, երբ Օսկանյանն արդեն խորաթափանցորեն «բացահայտել» էր իշխանության միահեծան բնույթը: Արդյո՞ք 2013թ-ի սեպտեմբերի վերջին անշառ բան չէ ընդդիմություն հռչակվելը, մանավանդ որ՝ քաղաքական հիմնական իրադարձություններն արդեն հետևում են, և ընդդիմության փորձարկումը հնարավոր կլինի միայն 2017-2018թթ-ին:

Բայց հիմնական խնդիրը նույնիսկ սա չէ, այլ՝ այն, որ եթե Գագիկ Ծառուկայնը չհետևի Օսկանյանի խորհրդին և չհայտարարի իր կուսակցության՝ ընդդիմադիր լինելու մասին, հասարակական ընկալման մեջ նա նույնանալու է իշխանության հետ:
Եթե ԲՀԿ առաջնորդն ականջալուր լինի ԱԳ նախկին նախարարի խոսքին, օրակարգային կդառնա կրթության նախարար Արմեն Աշոտյանի՝ սոցցանցերով Մինասիչին հասցեագրած հարցը՝ քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:

Խմբակցության անդամների թիվը կիսով չափ կպակասի. Սերժի երդմնակալությանը գնացողները, գուցե՝ էլի ոմանք, մի գիշերում հանրապետական կդառնան:
Այնպես որ՝ Օսկանյանը լավ կանի Ծառուկյանին համոզելուց առաջ, նրան պատմի Խոդորկովսկու, լավ, ծայրահեղ դեպքում՝ Խաչատուր Սուքիասյանի պատմությունը…

Աղբյուր` armversion.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում