Ինչո՞ւ «Եվա»-ն դուրս մնաց «Օսկար»-ից. մանրամասնում է ռեժիսորը

Ինչո՞ւ «Եվա»-ն դուրս մնաց «Օսկար»-ից. մանրամասնում է ռեժիսորը

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայկական ազգային կինոակադեմիան Հայաստանից այս տարի ներկայացրել էր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Այս անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել. 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

Ցավոք, օրերս պարզ դարձավ, որ «Եվա»-ն դուրս է մնացել «Օսկար»-ի նախավերջին հանգրվան՝ կարճ ցուցակից, որտեղ ներկա պահին 9 երկրի հայտ է մնացել:

«Պետք է նկատենք, որ Հայաստանն այնքան էլ փորձ չունի միջազգային կինոշուկայում ֆիլմեր առաջադրելու հարցում, ինչը շատ կաևոր է: Չգիտեմ, գուցե ինչ-որ տեղ խանգարել է նաև այն հանգամանքը, որ ֆիլմը նկարահանվել է Արցախում: Ճիշտ է, նրանում պատերազմ չկա, քաղաքական կոնտեքստներ չունի, համամարդկային խնդիրներ է արծարծում, այնուամենայնիվ, կոնֆլիկտ ունեցող տարածաշրջանի մասին է: Բայց սա իմ ենթադրությունն է: Ամեն դեպքում, սա համարում եմ դեպի միջազգային կինոհարթակ հաղթահարված ևս մեկ հանգրվան: Այսօր էլ նոր ֆիլմ եմ պատրաստում՝ կրկին նպատակ ունենալով ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց իրանահայ սցենարիստ, ռեժիսոր Անահիտ Աբադը:

Այն պարագայում, երբ այսօրվա միջազգային կինոշուկայում հայկական կինոարվեստը գրեթե ճանաչում չունի, «Օսկար»-ում ընդգրկված հայկական ֆիլմին անդրադարձել էին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում և «Euronews»-ը, «Hollywood Reporter»-ը, «Variety.com»-ը, AP-ն և այլք:

Իհարկե, մտածել, թե «Եվա»-ն կարող էր օսկարակիր ֆիլմ դառնալ, մեղմ ասած՝ լավատեսություն կլիներ, բայց այն, որ նման մրցանակաբաշխություններում մեծ դեր ու նշանակություն ունի PR ասվածը, անժխտելի է:

Միանշանակ, Սփյուռքի նախարարության, ՀՀ-ում տվյալ ոլորտի պատկան մարմինների և հատկապես ԱՄՆ-ում՝ հայկական լոոբինգի շնորհիվ կարելի էր «Եվա»-ն առավել ճանաչելի դարձնել: Աշխարհին հայտնի, հոլիվուդյան մեծությունների հետ շփվող հայերի պրոպագանդման արդյունքում, գուցեև, հնարավոր լիներ ֆիլմի վրա կենտրոնացնել նրանցից գեթ մի քանիսի ուշադրությունը, որի արդյունքում չէր բացառվում, որ «Եվա»-ն կարող էր ընդգրկվել 9-յակում, ինչը հնարավորություն կընձեռեր, որ այն ևս մեկ ու կես ամիս շրջանառվեր օսկարյան կինոշուկայում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում