«Արմենչիկը սա լսի, եկող տարի էլ Գրեմմիին էլ կներկայացվի»․ Արամ Սաթյան
Նմանատիպ
ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը վստահեցրեց, թե Դիլիջանի կոմպոզիտորների տունը վարձակալության հանձնելով՝ փորձում են այն փրկել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Դա ճանապարհներից մեկն է, որը պետք է անել, որպեսզի Դիլիջանի մեր հանգստյան տունը չփլուզվի, քանի որ այդ շինությունները 60-ականների են: Միությունը միջոց չունի վերանորոգելու, դրա համար մենք պայմանագրեր կնքեցինք այդ մարդկանց հետ հինգ տարով, որ սարքեն շենքը, Կոմպոզիտորների միությունն էլ օգտվի: Շնորհիվ դրա՝ մեր միության անդամները երկու ամիս աշնանը կամ գարնանը կարող են գնալ այնտեղ, ստեղծագործել: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։
Վարձակալողն ամեն ամիս քոթեջների համար 50.000 դրամ վճարում է միությանը: Արդեն հինգ քոթեջ վերանորոգվել է»:
Հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունեն 2018-ի համար, Արամ Սաթյանը նախ հարցրեց՝ իսկ իրենց փառատոններին 2017-ին մասնակցե՞լ են: Բացասական պատասխան ստանալուց հետո ասաց, եթե չեք այցելել, ինչո՞ւ եք նման հարց տալիս: Այնուհետև տեղեկացրեց, որ 2018-ին իրականացնելու են Երիտասարդ կոմպոզիտորների չորրորդ փառատոն, Հայ ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոն, Միրզոյանի անվան մրցույթ- փառատոն, որը 5-րդ անգամ է անցկացվում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ տեղեկացրեց, որ միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 150 միջոցառում։ Նա կարևորեց սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովը։ Խոսելով խնդիրներից՝ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց. «Առաջնահերթ խնդիրն այն է, որ կարողանանք ժամանակակից գրականությունը ներկայացնել և ճիշտ լուսաբանել։ Մենք մեր լավագույն գրողներին պետք է կարողանանք ժամանակին թարգմանել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին։
Ցավոք, Հայաստանը պատրաստ չէ գնահատել իր մեծ գրողներին, որովհետև հիմա քիչ են կարդում, հանդիպումները գրողների հետ քիչ են»: Արամ Սաթյանն էլ մտահոգություն հայտնեց, թե արժեքներն են փոխվել. «Մեզ մոտ իսկական արժեքները փոխարինվել են ուրիշներով: Մի քիչ առաջ Արմենչիկի մասին հարցրեցիք: Եթե նա ստացել է կոչում, դա բնական է, քանի որ երբ արժեքները խախտված են, ուրեմն պետք է կարողանանք այդ իրավիճակում պատկերացնել այն, ինչ մենք անում ենք: Բնական է՝ Արմենչիկին Գրեմմի չեն ներկայացնի, բայց կարող էր Արմենչիկը հանգիստ դա անել, քանի որ մեդիաների հետ է աշխատում, քանի որ իր ձայնասկավառակը լավ վաճառվում է: Եթե Արմենչիկն իմ այս հարցազրույցը լսի, մյուս տարի Գրեմմիին կնոմինացվի: Մենք արժեքներն արդեն փոխել ենք, և դրա համար միություններն անհրաժեշտ են, որպեսզի այն արժեքները, որոնք իրոք կարող են աշխատել վաղը, պահպանվեն: Կոչումներն ու մրցանակները կգնան կմնա կոմպոզիտորը, գրողը»:
Պարոն Սաթյանը մտահոգված է, որ մեզ մոտ կոչումապաշտությամբ են զբաղված: Հարցին՝ մտահոգված չէ՞, որ վաստակավորի կոչում են ստացել Արմենչիկն ու Ռազմիկ Ամյանը, պարոն Սաթյանը պատասխանեց. «Դրա համար ես անտարբեր եմ կոչումների նկատմամբ: Եթե տալիս են, իրենց խնդիրն է և՛ արմենչիկների, և՛ տվողների: Եթե ժողովուրդը գնում է այդ համերգներին, լսում այդ երաժշտությունը, կարելի է նաև ժողովրդականի կոչում էլ տալ: Մենք պրոֆեսիոնալ մշակույթի ներկայացուցիչներ ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում