Սամվել Ֆարմանյան. Եթե քեզ վրա կառավարելու պատրաստակամություն ես վերցնում, ապա պետք է պատրաստ լինես լսել բոլոր քննադատությունները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում հաջողության հասնելու համար:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Երևանի ավագանու ընտրությունները քարտեզ են ձևավորելու առաջիկա չորս տարիների համար’ հնարավորություն տալով ուշադրությունը սևեռելու համայնքային խնդիրների լուծման վրա: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցել նախագահական ընտրություններին, պետք է հաշվի նստեն դրա հետևանքների հետ և ամբողջացնեն իրենց քաղաքական կապիտալը»,- նշեց Ֆարմանյանը:

Ֆարմանյանն այն համոզմանն է, որ գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն իրեն դրսևորել է որպես եռանդուն գործիչ, քաղաքական տնտեսության արդյունավետ կառավարիչ, և որ ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու համար:

Անդրադառնալով քաղաքական դաշտում սկիզբ առած փոխադարձ քննադատություններին’ Ֆարմանյանը նկատեց, որ այս փուլում ավելացել են «անձնական վիրավորանքների հասնող հրապարակումները, սակայն պետք է բոլորն իմանան, որ կյանքն ընտրություններից հետո շարունակվելու է»:

Խոսելով «Օրինաց երկիր» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հնչեցված քննադատություններից’ Ֆարմանյանը ցանկացած քննադատություն օգտակար համարեց, «վնաս է դրա բացակայությունը»:

«Եթե դու քեզ վրա կառավարելու պատրաստակամություն ես վերցնում, ապա պետք է պատրաստ լինես լսել բոլոր քննադատությունները: Քարոզարշավի ընթացքին հետևելով տեսնում ենք, սակայն, որ որոշ ուժերի կողմից իրականությունը սևացնելու այնպիսի փորձեր են արվում’ սեփական կուսակցությունը ներկայացնելով որպես «լուսնից իջած», որ երբեմն սարսափազդու տպավորություն է ստեղծվում»,- ասաց Ֆարմանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի’ Մարդու իրավուքների վերաբերյալ տարեկան զեկույցին’ Ֆարմանյանը նման հրապարակումներն օգտակար համարեց:

«Բոլորս գիտենք, որ այդ զեկույցներն այն հիմնարար գործիքներն են, որոնք իշխանությունների ուշադրությունն են հրավիրում մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրների վրա, և կարծում եմ, որ նման հրապարակումները շատ օգտակար են և հնարավորություն են տալիս նոր աչքով նայել խնդիրներին, կատարել հետևություններ»,-ասաց պատգամավորը:

Նա նաև շեշտեց, որ միաժամանակ լինում են, սակայն, զեկույցներ, որոնք կարող են ավելի սուր ներկայացնել այս կամ այն խնդիրը և չնկատել այն ջանքները, որոնք տարվում են տվյալ երկրի կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում